Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի լավագույն դարպասապահին։
«Շատ դարպասապահներ մրցաշարում բացահայտում դարձան։ Բայց լավագույնն Իսպանիայի հավաքականից Ունայի Սիմոնն էր, որն ամենաքիչն է գոլ բաց թողել։ Կառանձնացնեի նաև Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակին։ Նա փայլուն հանդիպում անցկացրեց պորտուգալացիների դեմ, հետ մղեց Ռոնալդուի իրացրած 11-մետրանոցն ու բազմիցս իր թիմին փրկեց հանդիպման ընթացքում»,- «Чемпионат»-ի հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատող Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը վճռորոշ խաղում 2-1 հաշով հաղթել էր Անգլիայի թիմին և ռեկորդային` չորրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն։ 27-ամյա Սիմոնը Եվրո-2024-ում անցկացրել է 6 հանդիպում, դարպասը երկու անգամ պահել է անառիկ, բաց թողել 4 գոլ։


