Logo

Բերեզովսկի. «Ռիվալդոյից անընդհատ ինչ-որ անհավանական բան էի սպասում»

15:48 / 03.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նոյեմբերի 27-ին չինական Ուհան քաղաքում մասնակցել է ֆուտբոլի լեգենդների խաղին, որում Եվրոպայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է Հարավային Ամերիկայի ընտրանուն: Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչն այդ հանդիպման մասին պատմել է Sports.ru-ին տված հարցազրույցում:

«Խաղից առաջ հիմնականում լուսանկարվում էինք: Տեսա, թե ինչպես է Ֆիգուն երկրպագուներից մեկի ճակատին ստորագրում: Երևի ֆանատն էր խնդրել:

Հանդերձարանում Մատերացին շրջեց տակտիկական տախտակը թենիսբոլ խաղալու համար: Թիմում շատ էին Ա Սերիայում հանդես եկած ֆուտբոլիստները. Բաջո, Զեդորֆ, Տոտի, Մատերացի, Ֆիգու, Կարագունիս: Նրանք իտալերեն էին խոսւմ: Նման օրերին հերթական անգամ մտածում ես շատ լեզուներ սովորելու մասին: Ֆուտբոլային թեմաներով դեռ կարելի է խոսել, բայց կենցաղայինն արդեն բարդ է:

Զեդորֆը նույն աթլետն է: Մեկ գրամ ավելորդ քաշ չունի: Բայց խաղադաշտում ընդհանրապես չէր վազում: Իսկ ահա Ֆիգուն և Տոտին մեծ ջանքեր էին գործադրում, չնայած երևում էր, որ նախկին արագություն այլևս չկա: Կարագունիսը 9 տարի առաջ է ավարտել կարիերան, բայց այնպես էր խաղում կարծես կես տարի առաջ լիներ:

Տոտին մեր թիմի ավագն էր: Վարպետությունը թոփ մակարդակի էր: Հիասքանչ գոլեր խփեց, հատկապես գեղեցիկ է երկրորդը, երբ գնդակը օդապարիկային հարվածով կախեց դարպասապահի գլխավերևով:

Եվրոպայի հավաքականի մարզիչը Ռոբերտո Բաջոն էր: Նա շատ համեստ է, դա ամեն ինչում զգացվում է: Ես նույնպես այդպիսին եմ, այդ պատճառով երկար ժամանակ ամաչում էի խնդրել` միասին լուսանկարվենք: Միայն 2-րդ օրը համարձակվեցի:

Ուհանում աստվածացնում են Բատիստուտային: Խաղի ժամանակ նրա պատկերով մեծ պաստառ բացեցին: Չինացիների համար մեծագույն կուռքեր են նաև Բաջոն և Կական:

Հարավամերիկացիների թիմից էր նաև Ռիվալդոն: Արտաքնապես ընդհանրապես չի փոխվել: 51 տարեկանում խելահեղ մարզավիճակում է: Երբ մոտենում էր տուգանային հրապարակին, միշտ վտանգ էի զգում, նրանից անընդհատ ինչ-որ անհավանական բան ես սպասում: Վախենում էի, որ կփորձի գնդակը կախել իմ գլխավերևով, փորձում էի հետևել նրա ձախ ոտքի շարժումներին:

Մրցակից թիմից նաև Կակային էի ուշադիր: Նա վերջերս բեռլինյան մարաթոնի էր պատրաստվում: Դա թույլ է տալիս դիմացկուն մնալ, բայց ֆուտբոլում կորցնում ես նախկին կտրուկությունը:

Առաջին րոպեներին խաղում էինք 2-8 սխեմայով, բայց արագ 2 գոլ բաց թողեցինք: Հետո վերադասավորվեցինք, հաշիվը դարձրին 5:2, սակայն մրցակիցը վերջնամասում 3 գոլ խփեց և արդյունքում` 5:5: Հաղթեցինք 11-մետրանոց հարվածաշարում»,- պատմել է Բերեզովսկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա