Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշել է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնը 2022/2023 մրցաշրջանը կարող է անցկացնել առանց պարտության՝ կրկնելով Լոնդոնի «Արսենալի» ռեկորդը:
«Առաջնությունը նոր է սկսվել, դեռ շատ բաներ են լինելու։ Ինչ-որ մեկը կհասնի մարզավիճակի գագաթնակետին, իսկ ինչ-որ մեկը կունենա հետընթաց: Հուսով եմ, որ հետաքրքիր մրցաշրջան կլինի։
«Զենիթը» կարող է այս մրցաշրջանն անցկացնել առանց պարտության, ինչպես 2004 թվականին «Արսենալը» (ԱՊԼ-ի 2003/2004 մրցաշրջանում)։ Եթե նրանց հաջողվի մոտիվացված լինել յուրաքանչյուր խաղում, և հոգեբանական խնդիրներ չլինեն, ապա ամեն ինչ հնարավոր կլինի»,- Metaratings-ին հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը:
Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին «Զենիթում» խաղացել էր 1994 և 1995-2001 թվականներին:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մոսկվայի ԲԿՄԱ-ն և «Սպարտակը» 4 տուրից հետո վաստակած 10-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, իսկ գործող չեմպիոն «Զենիթը» 8 միավորով 6-րդն է:


