Logo

Բեքհեմ. «5 տարի շփվել եմ Մեսիի հոր հետ»

23:25 / 24.03.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը պատմել է, թե ինչպես է պայմանագիր կնքել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ։

«Ես 5 տարի երկար շփվում էի Մեսիի հոր հետ։ Դեռ տարիներ առաջ, նախքան Մեսին կտեղափոխվեր «Ինտեր Մայամի», հյուրանոցում գործընկերոջս հետ հանդիպել ենք նրա հոր հետ։ Ես նրան ասացի. «Գիտեմ, որ Լեոն դեռ պատրաստ չէ, բայց ես ուզում եմ, որ Ձեր որդին ապագայում խաղա իմ թիմում»։

Մենք հասկանում էինք, որ պետք է որոշում կայացնենք, երբ Լեոն հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Ես այդ ժամանակ Ճապոնիայում էի և առավոտյան ժամը 4-5-ին հեռախոսս անդադար զանգում էր։ Կինս` Վիկտորյան, խնդրում էր, որ անջատեմ հեռախոսս. չէ՞ որ խանգարում էի նրան քնել։ Ձեռքս մեկնում եմ, վերցնում եմ ակնոցս ու կարդում, որ Լիոնել Մեսին որոշել է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Մինչև հիմա փշաքաղվում եմ այդ պահը հիշելիս։ Նույնիսկ լաց եղա, կինս արթնացավ և զարմացած հարցրեց, թե ի՞նչ է պահատել, ո՞վ է մահացել, իսկ ես նրան ասացի, որ Մեսին տեղափոխվում է «Ինտեր Մայամի»։

Այդ պահին ինձ զանգեց իմ գործընկեր Խորխե Մասը, որը նույնպես չէր հավատում կատարվածին։ Նրան հորդորեցի սպասել մինչև Մեսին կժամանի Մայամի։ Հենց սա է Լիոնել Մեսիի ուժը։ Զարմանալի է, թե ինչ էմոցիաներ կարող է առաջացնել մեկ մարդը»,- Անգլիայի հավաքականի նախկին ավագի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին Փարիզի ՊՍԺ-ից հեռանալուց հետո 2023 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Ինտեր Մայամի», որի կազմում 19 խաղում խփել է 16 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ