Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը չկարողացավ շարունակել գոլային շարքն Իսպանիայի առաջնությունում։
Լա լիգայի 5-րդ տուրում «Արքայական ակումբը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ, իսկ Բելինգեմը դաշտից հեռացավ առանց գոլի։ 20-ամյա անգլիացին գոլի հեղինակ էր դարձել առաջնության մեկնարկային 4 խաղերում։
«Ռեալի» կազմում Լա լիգայի մեկնարկային 4 խաղում գոլի հեղինակ նախկինում դարձել էին նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (2009թ․) ու իսպանացի Պեպիլյոն (1960թ․)։ 5-րդ խաղում գոլ խփելու դեպքում Բելինգեմը կդառնար ռեկորդակիր։
Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանն այս ամռանն է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Ռեալ»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 5 խաղի ու դարձել 5 գոլի և մեկ ասիստի հեղինակ։