Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է Անգլիայի հավաքականում իր թիմակից Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին.
«Ալեքսանդր-Առնոլդը հեշտացնում է իմ աշխատանքը, քանի որ նա իր դիրքում կարող է լավ վերահսկել գնդակը պաշտպանությունում։ Գիտեմ` մարդիկ շատ անհեթեթություններ են խոսում նրա մասին։ Երբ նա դաշտում է, ես ավելի հանգիստ եմ գործում։ Կարծում եմ` գնդակով խաղի ժամանակ շատ լավ ենք հասկանում միմյանց։ Ալեքսանդր-Առնոլդը միշտ ցանկանում է գնդակն առաջ տեղաշարժել։
Թիմն ընդունում է այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են նաև կորցնել գնդակը, քանի որ դա նորմալ է։ Մենք այն կվերադարձնենք ու կշարունակենք խաղալ»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Սերբիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից (1-0) հետո Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնվել էր քննադատության թիրախում։ Մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը նրա մասին ասել էր. «Ավելի ուժեղ մրցակիցները նրան կպատառոտեն։ Նա չի դիմանա դաշտում»։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» եզրային պաշտպանն Անգլիայի հավաքականում խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։