Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունից հետո։
«Դա նորմալ գործընթաց է։ Հեռանում են խաղացողներ և նրանց փոխարինեն գալիս այլ անձինք։ Փոխվում են խաղաոճը, մոտեցումները, բայց ես ցույց տվեցի, որ կարող եմ հարմարվել նոր իրողությանը։ Ես չեմ անհանգստանում իմ խաղային դիրքի հարցում. պարզապես ցանկանում եմ խաղալ։ Թիմը յուրաքանչյուր խաղում մարտական է տրամադրվում։
Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։
Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված ենք խաղալ տարբեր դիրքերում։ Գիտեմ, թե որ դիրքն է ինձ համար առավել հարմարավետ, բայց պատասխանատու եմ, որպեսզի յուրաքանչյուր դիրքում կարողանամ առավելագույն օգուտ տալ թիմին»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է As-ը։
21-ամյա Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 ասիստ։ Մբապեն, որն 2024 թ. հուլիսին է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Արքայական ակումբ», մասնակցել է 17 հանդիպման, դարձել 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։