«Արարատ-Արմենիայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Fast Sports-ի եթերում խոսել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ուրարտուի» նկատմամբ հաղթանակի մասին։ Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում Բեգլարյանը հետ էր մղել «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանի հարվածը և օգնել «Արարատ-Արմենիային» պատմության մեջ առաջին անգամ դառնալ Հայաստանի գավաթակիր։
- Ինչպե՞ս շարունակեցիք խաղը վնասվածքով և որքա՞ն լուրջ է այն։
- Բախում եղավ մրցակցի պաշտպան Ցիմբալյուկի հետ, բայց ամեն ինչ լավ է և կարողացա ավարտել հանդիպումը։ Ցիմբալյուկը ուժեղ հարվածեց ուսիս։ Նա ներողություն խնդրեց։ Դեռ ցավեր ունեմ։ Հուսով եմ` լուրջ վնասվածք չէ։
- Մեկ տարի առաջ «Ուրարտուի» կազմում դարձաք գավաթակիր։ Այժմ «Ուրարտուի» դեմ խաղում եք նվաճում գավաթը։ Կա՞ տարբերություն այս երկու գավաթների միջև, ի՞նչ էմոցիաներ ունեք։
- Չեմ կարող ինչ-որ տարբերություն նշել։ Մեկ տարի առաջ առաջին գավաթն եմ հաղթել։ Այս գավաթը նույնպես կարևոր է։ Ամենակարևորը` մասնակցել եմ հանդիպմանը։ Շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգնել նվաճել գավաթը։ Հիանալի զգացողություններ ունեմ։
- Հետ մղեցիք Ժիրայր Մարգարյանի իրացրած 11-մետրանոցը։ Արդյո՞ք ուսումնասիրել էիք նրա հարվածները, թե՞ պարզապես որոշեցիք այդ կողմ ցատկել։
- Նախապես որոշել էի ցատկել իմ աջ կողմը, բայց հասկացա, որ նա ձախ է հարվածելու։
- Երկար դադարից հետո շատ կարևոր տիտիղոս նվաճեցիք։ Հոգեբանական առումով այս տիտղոսը ի՞նչ կտա թիմին առաջիկա երեք կարևորագույն խաղերում։
- Իհարկե, շատ ուրախ եմ, որ հաղթեղինք գավաթը և այն մեզ շատ կօգնի, բայց հաջորդ խաղերն ուրիշ են։ Դժվար մրցաշրջան է մեզ համար, և շատ կարևոր էր այն գոնե մեկ տիտղոսով ավարտելը։ 120-130 րոպե խաղացել ենք և հուսով ենք` 3 օրը բավականան կլինի «Նոայի» դեմ հանդիպմանը պատրաստվելու համար։
Արսեն Բեգլարյանը Fast Sports-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդման վարկածով ճանաչվել է «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և ստացել հատուկ մրցանակ։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» չորրորդ տիտղոսն էր նվաճել ակումբի պատմության մեջ, բոլորը՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ։ Երևանյան ակումբը Հայաստանի սուպերգավաթակիր (2019թ․) ու կրկնակի չեմպիոն է (2019թ․, 2020թ․)։
«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո ունի 71 միավոր և երրորդ տեղում է։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մայիսի 16-ին հյուրընկալվելու է 74 միավորով առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող «Նոային»։ Երկրորդ տեղում ընթացող «Փյունիկն» էլ հավաքել է 73 միավոր։