Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի մասին, որը տեխնիկական պատճառներով ամռանը չէր կարողացել տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:
30-ամյա ֆուտբոլիստը դիմել է նաև ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Արսեն Զախարյանին:
- Դուք մի քանի անգամ խաղացել եք Արսեն Զախարյանի դեմ։ Իսկապե՞ս նա այդքան մեծ տաղանդ է:
- Լավ ֆուտբոլիստ է։ Անձամբ ես հաջողություն եմ մաղթում բոլոր խաղացողներին և Արսենին, որպեսզի նրանք հասնեն առավելագույն արդյունքի: Նա 19 տարեկան է, իրեն լավ է դրսևորել Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում: Կարծում եմ՝ նա մեծ ապագա ունի։
- Դեռ վաղ չէ՞ այդ տարիքում Անգլիա տեղափոխվելը:
- Շու՞տ: «Չելսիի» նման ակումբները կարող են մեկ անգամ զանգահարել և վերջ:
- Դուք, որ նրա փոխարեն լինեիք, կհեռանայի՞ք:
- 200 տոկոսով: Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ օգտվել նման շանսերից։ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա՝ սա ամենաբարձր մակարդակն է:
- Բայց վերջին շրջանում մեր բոլոր լեգեոներները արտերկրում ոչ մի հաջողության չեն հասել։
- Ինչո՞ւ: Միրանչուկը օրինակ է ռուսների համար. Առաջին խաղում նա գոլի հեղինակ է դարձել Թուրինում։ Այո, նա վնասվածք է ստացել, բայց շուտով կվերադառնա։ Եթե հետագայում նրա խաղը չստացվի, կարող է հանգիստ վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա:
Իմ խորհուրդը Էդուարդ Սպերցյանին և Արսեն Զախարյանին՝ «Տղերք, փորձեք, և դուք միշտ կարող եք վերադառնալ Ռուսաստանի առաջնություն, ձեզ այստեղ ողջունելու են։ Ամեն օր չէ, որ դու այսպիսի հնարավորություն ես ստանում, «Չելսին» կարող է երկու անգամ չզանգել»: