Լևերկուզենի «Բայերը», Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում 5-0 հաշվով հաղթելով Բրեմենի «Վերդերին», ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն, այլևս ռեկորդներ սահմանեց:
Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ «Բայերը» պատմության առաջին թիմն է, որը Գերմանիայի առաջնության մեկ մրցաշրջանի 29 անընդմեջ խաղերում չի պարտվում: Մյունխենի «Բավարիան» 2013/14 մրցաշրջանի 28 անընդմեջ խաղերում պարտություն չէր ունեցել, սակայն տպավորիչ շարքն ընդհատվել էր 29-րդ տուրում:
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղերում չի պարտվել: «Բայերը» կրկնեց Թուրինի «Յուվենտուսի» ռեկորդը, իտալական գրանդը 2011/12 մրցաշրջանում նույնպես բոլոր մրցաշարերում անպարտելի էր մնացել 43 հանդիպում անընդմեջ:
«Բայերը» չեմպիոնությունն ապահովեց 79 միավորով: Նախորդ 11 մրցաշրջաններում Բունդեսլիգայի չեմպիոնական սկուտեղը նվաճել էր «Բավարիան»:
Ընդհանուր առմամբ՝ 120 տարվա պատմություն ունեցող «Բայերի» համար սա չորրորդ տիտղոսն է: Լևերկուզենի թիմը 1978/79 մրցաշրջանում հաղթել է Բունդեսլիգա-2-ում, 1987/88-ում՝ ՈւԵՖԱ-ի գավաթում, 1992/93-ում՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:


