Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստների շրջանում դժգոհություն է հասունացել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի նկատմամբ։ Bild-ի համաձայն՝ կա 3 պատճառ:
Առաջինն այն է, որ գերմանացի մասնագետը չի կարողանում բեկել անհաջող խաղի ընթացքը: Ֆուտբոլիստները դժգոհ են մնացել Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայացած խաղում (2-2) Նագելսմանի որոշումներից:
Երկրորդը կազմի ռոտացիան է և խաղերի ընթացքում խնդրահարույց փոփոխությունները: Մարզիչը խոստացել էր «Ինտերի» դեմ խաղում մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերել Ջամալ Մուսիալային, սակայն 19-ամյա գերմանացին մնացել էր պահեստայինների նստարանին:
«Բավարիայի» կիսապաշտպանը ընդունել էր մարզչի որոշումը, սակայն հետագայում դժգոհել էր մյունխենյան ակումբի առաջատարներին:
Վերջին պատճառը Նագելսմանի պահվածքն է: Քննադատություններից հետո նա սկսել էր ավելի համեստ հագնվել, սակայն «Բավարիայի» աստղերին ավելի շատ մտահոգում է խաղերի ընթացքում մասնագետի կողմից հնչող ոչ այդքան հարգալից արտահայտությունները:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» Նագելսմանի գլխավորությամբ 9 խաղից հաղթել է ընդամենը 4-ում և 3-րդ տեղում է: Դա մյունխենցիների վատագույն մեկնարկն է վերջին 12 տարում: