«Բավարիան» պատրաստվում է ուժեղացնել իր պաշտպանությունը կենտրոնական պաշտպան Նիկլաս Զյուլեի որոշումից հետո, ըստ որի՝ գերմանացին չի երկարաձգի պայմանագիրը և ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:
Ինչպես հայտնում է Goal-ը, մյունխենյան ակումբը ցանկանում է նրան փոխարինելու համար ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենին։ Հիշեցնենք, որ դանիացու պայմանագիրը նույնպես ավարտվում է 2022 թվականի ամռանը: Նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ լոնդոնյան ակումբից։
«Չելսին» փորձում է բանակցել Քրիստենսենի հետ՝ նրան առաջարկելով 4 տարվա պայմանագիր, սակայն բանակցությունները հարթ չեն ընթանում:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։