Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումից» կրած պարտությունից (2-3) հետո մյունխենյան ակումբի տնօրենների խորհրդի անդամները փակ քննարկում են անցկացրել։ Քննարկման ընթացքում որոշվել է շարունակել համագործակցությունը 50-ամյա մասնագետի հետ։
«Ես զգում եմ ակումբի աջակցությունը և գիտեմ, թե ինչ հարաբերություններ ունեմ գլխավոր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենի հետ, և թե ինչպես ենք համագործակցում։ Նա գիտի, թե որքան է այս իրավիճակն ինձ նյարդայնացնում։ Մենք փորձում ենք շտկել իրավիճակը»,- ասել է գերմանացի մարզիչը։
«Բոխումից» կրած պարտությունը «Բավարիայի» համար 3-րդ անընդմեջն էր բոլոր մրցաշարերում։ Գերմանիայի գործող չեմպիոնը Բունդեսլիգայում 22 խաղից հետո վաստակել է 50 միավոր և 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ Մյունխենցիներն առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ են մնում 8 միավորով։
«Բավարիան» արդեն դուրս է մնացել Գերմանիայի գավաթի 2023/24 խաղարկությունից, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում պարտվել է իտալական «Լացիոյին» (0-1)։


