Մյունխենի «Բավարիան» սկսել է փոխարինող փնտրել գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի համար, որը ոտքի կոտրվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
ITASportPress-ի տեղեկություններով, Գերմանիայի չեմպիոնը դիտարկում է Զագրեբի «Դինամոյի» ու Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչին, որը հիանալի ելույթներ է ունենում Կատարում ընթացող Մունդիալում։ Թեկնածուների թվում է նաև ֆրանսիական ՊՍԺ-ի ու Կոստա-Ռիկայի հավաքականի դարպասը պաշտպանող Կեյլոր Նավասը:
Նավասի տրանսֆերը «Բավարիա» ավելի հավանական է, քանի որ 35-ամյա դարպասապահը խաղաժամանակ չի ստանում ՊՍԺ-ում և դժգոհ է իր կարգավիճակից:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նոյերը «Բավարիայի» դարպասը բոլոր մրցաշարերում պաշտպանել է 16 խաղերում, բաց թողել 14 գոլ:


