«Փյունիկը» շվեյցարական «Բազելից» հյուրընկալվելիս 1-3 հաշվով կրած պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում:
VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում՝ դառնալով այդ մրցաշարին մասնակցած հայկական 2-րդ ակումբը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում Հայաստանը ներկայացրել էր «Ալաշկերտը»: Վերջինս ևս անհաջող էր մեկնարկել՝ հյուրընկալվելիս 1-4 հաշվով զիջելով Թել-Ավիվի «Մաքաբիին»:
2. «Բազել»-«Փյունիկ» հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբների մասնակցությամբ անցկացված 15-րդ խաղն էր: Հայկական թիմերը 6-րդ պարտությունը կրեցին: Հայաստանի ներկայացուցիչներն ընդամենը 2 անգամ են հաղթել, 7 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 11 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 22 գնդակ:

3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» 4-րդ պարտությունը կրեց: Փյունիկցիներին առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հյուրընկալվելիս 4-1 հաշվով առավելության հասնելով Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» նկատմամբ: 4 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Փյունիկցիները 7 գոլ են խփել, բաց են թողել 14 գնդակ:
Եվրագավաթների վերջին 5 հանդիպումներում «Փյունիկը» չի հաղթել՝ 2 խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, 3-ում պարտվելով:
4. «Փյունիկին» վերջապես հաջողվեց ընդհատել գոլային երաշտը, որը տևեց 421 րոպե: «Ցրվենա Զվեզդայի» և «Շերիֆի» հետ անցկացրած նախորդ 4 հանդիպումներում «Փյունիկը» չէր գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլը, որի հեղինակը Լուկա Յուրիչիչն էր, փյունիկցիները խփել էին Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ կայացած արտագնա հանդիպման 85-րդ րոպեին:
5. Եվրագավաթների մրցաշարերում «Փյունիկն» առաջին անգամ մրցեց շվեյցարական թիմի հետ: «Բազելը» դարձավ եվրագավաթներում հայկական ակումբների հետ հանդիպած շվեյցարական 6-րդ թիմը: Մինչև այդ հայկական թիմերի հետ մրցել էին «Լոզանը», «Սերվետը», «Քսամաքսը», «Յանգ Բոյզը» և «Բելինցոնան»:

Հայ-շվեյցարական նախորդ դիմակայությունը տեղի էր ունեցել 2012-13թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: «Գանձասար-Կապանը» երկու հանդիպումներում էլ պարտվել էր «Սերվետին»՝ 0-2, 1-3:
6. Հայկական ակումբները շատ անհաջող են խաղացել շվեյցարական թիմերի հետ: Անցկացրած 15 հանդիպումներում հայկական ակումբներին չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տոնել: Միակ ոչ-ոքին (1-1) գրանցվել է 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Բանանցի» և «Յանգ Բոյզի» մրցախաղում: Մնացած 14 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները պարտվել են: Հայկական ակումբները խփել են ընդամենը 8 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 42 գնդակ:
7. «Փյունիկը» եվրագավաթներում 69-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 35-րդ պարտությունը: Մնացած հանդիպումներից 18-ում փյունիկցիները հաղթել են, 16-ում գրանցվել է ոչ-ոքի: «Փյունիկը» խփել է 64 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 120 գնդակ:
8. Արտակ Դաշյանը եվրագավաթներում բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում»՝ խփելով 3-րդ գնդակը: Նա իր գոլերի հաշիվը բացել էր 2009թ. հուլիսի 9-ին «Բանանցի» կազմում բոսնիական «Շիրոկի Բրիեգի» հետ հյուրընկալվելիս անցկացրած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղում:

2-րդ անգամ Դաշյանը խփած գոլի բերկրանքը վայելել էր «Գանձասար-Կապանում»՝ 2013թ. հուլիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղում գրավելով ղազախական «Ակտոբեի» դարպասը:
Արտակ Դաշյանն ընդգրկվեց հայկական ակումբների կազմում եվրագավաթներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Նա «Բազելի» դարպասը գրավեց 32 տարեկան 292 օրականում: Դաշյանը տասնյակից դուրս մղեց «Երևանի» վրացի նախկին հարձակվող Կախա Գոգոլաձեին, որը 1999թ. Թել-Ավիվի «Հապոելի» դարպասը գրավել էր 31 տարեկան 203 օրականում:
9. Դավիթ Յուրչենկոյին չհաջողվեց գերազանցել նախկին փյունիկցի Անդրիա Դրագոևիչի ռեկորդային ցուցանիշը, որը 2018-19թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում 279 րոպե շարունակ դարպասն անառիկ էր պահել: Յուրչենկոն 245 րոպե անընդմեջ գոլ բաց չթողեց, ինչը փորձառու դարպասապահի համար անձնական ռեկորդ է: Նախկին լավագույն ցուցանիշը (202 րոպե) Յուրչենկոն գրանցել էր «Ալաշկերտում» Չեմպիոնների լիգայի 2021-22թթ. խաղարկությունում:

10. Ալեքսանդր Կարապետյանը, Արաս Օզբիլիսը, Ռոման Կարասյուկը, Դամե Դիոպն ու Գրենիկ Պետրոսյանը եվրագավաթներում նորամուտը նշեցին «Փյունիկում»: Կարապետյանն ընդգրկվեց եվրագավաթներում «Փյունիկում» ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Բազելի» հետ խաղի օրը նա 34 տարեկան 259 օրական էր:
Եվրագավաթների ընթացիկ խաղարկության 9 հանդիպումներում Եղիշե Մելիքյանն արդեն ասպարեզ է դուրս բերել 30 ֆուտբոլիստների, որոնցից 6-ը՝ Ժունինյոն, Եվգենի Կոչուկը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Ալեքսանդր Գոնսալեսն ու Յուսուֆ Օտուբանջոն մասնակցել են բոլոր խաղերին: Ընդ որում Արտակ Դաշյանը խաղացել է առանց փոխարինման:


