Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին ականջի վնասվածք է ստացել «Օսասունայի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրի խաղում (2-1)։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում 19-ամյա ֆուտբոլիստը մրցակցից արմունկով հարված է ստացել։ «Բարսելոնայի» բժիշկները դադարեցրել են արյունահոսությունը, ինչից հետո Գավին վերադարձել է խաղադաշտ ու շարունակել հանդիպումը։ Խաղից հետո նա ցուցադրել է վնասված ականջը, որի վրա մի քանի կար են դրել։
Գավին դարձել է «Բարսելոնայի» կազմում 100 հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ ռեկորդը սահմանելով 19 տարեկան 29 օրականում։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր իսպանացի Բոյան Կրկիչը (19 տարեկան 85 օրական):