Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Tuttosport-ը:
«Ես այլևս չեմ խաղա, ավարտում եմ կարիերաս: Այժմ ապրում եմ Դուբայում և այլևս ֆուտբոլիստ չեմ. ես իմ փոքրիկ որդու հայրն եմ, և նա ինձ համար առաջնահերթություն է»,- ասել է Պյանիչը:
35-ամյա բոսնիացու կարիերայի վերջին ակումբը դարձավ մոսկովյան ԲԿՄԱ-ն, որից նա հեռացավ ամռանը: Հաղորդվում էր, որ Դուբայում Պյանիչն անցնում է գործակալական գործունեության ուսուցում:
Պյանիչը հանդես է եկել նաև «Մեցում», «Լիոնում», «Ռոմայում», «Յուվենտուսում», «Բարսելոնայում», «Բեշիկթաշում» և «Ալ-Շարժայում»: Բոսնիացին նվաճել է 7 տիտղոս «Յուվենտուսի», երկուսը՝ «Ալ-Շարժայի» և մեկական՝ «Բարսելոնայի», ԲԿՄԱ-ի ու «Բեշիկթաշի» հետ:
Միրալեմ Պյանիչը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում անցկացրել է 115 հանդիպում: Ավելի շատ խաղեր ունի միայն Էդին Ջեկոն (146):


