Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էդգար Իեն մեղադրվում է խարդախության մեջ։ Ռումինական ֆուտբոլին մոտ կանգնած լրագրող Էդգար Ռոշուն հայտնում է, որ գվինեական արմատներ ունեցող պորտուգալացի ֆուտբոլիստի փոխարեն Բուխարեստի «Դինամոյի» կազմում խաղացել է նրա երկվորյակ եղբայրը` Էդելինո Իեն, որը նույնպես պրոֆեսիոնալ ֆուբոլիստ է։
«Դինամոյում» կասկածներ են առաջացել, երբ ֆուտբոլիստը չի խոսել անգլերեն և հրաժարվել է տրամադրել վարորդական իրավունքը։ Ակումբը պատրաստվում է հարցը լուծել ԴՆԹ թեստի միջոցով։
Եթե կասկածները հաստատվեն, ապա «Դինամոյից» հանվելու է այն 8 միավորը, որն ակումբը Ռումինիայի ընթացիկ առաջնությունում վաստակել է Էդելինո Իեի մասնակցությամբ 5 խաղերում։
30-ամյա Էդգար Իեն «Բարսելոնայի» համակարգում եղել է 2012-2015 թթ.։ Նա 1 հանդիպում է անցկացրել «Բլաուգրանայի» հիմնական թիմում։ Կենտրոնական պաշտպանը 48 խաղում 1 գոլային փոխանցում է կատարել կատալոնական ակումբի երիտասարդական թիմում։ Էիեն «Դինամոյին» միացել է այս տարվա փետրվարին։
Էդելինո Իեն Լիսաբոնի «Սպորտինգի» մարզադպրոցի սան է։ Նա հիմնականում հանդես է եկել պորտուգալական ցածր լիգաները ներկայացնող ակումբներում, իսկ այս տարվա հունվարից ունի ազատ գործակալի կարգավիճակ։