Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ կատալոնական ակումբն ավելի լավ կազմ ունի, քան սկզբունքային մրցակից Մադրիդի «Ռեալը»:
«Մեր թիմը «Ռեալից» լավն է: Անհատական առումով մենք նույնպես ավելի լավն ենք՝ մրցակցի հետ համեմատած որոշ տարբերություններով:
Որպես ակումբի անդամ և երկրպագու՝ ես շատ գոհ եմ մեր ստեղծած թիմից: Մենք հաղթեցինք Իսպանիայի առաջնությունը և կարող ենք շարունակել մենիշխանությունն այս մրցաշարում:
Ես կենտրոնացած եմ ոչ թե առանձին ֆուտբոլիստներ գնելու, այլ լավ թիմ ստեղծելու ուղղությամբ: Մենք գնել ենք Իլկայ Գյունդողանին և Ինյիգո Մարտինեսին և նրանք մեզ կապահովեն լավ ելույթներով, ինչպես նաև հետագայում եկողները»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Diario Sport-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալի» կազմը համալրել են անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը, իսպանացի պաշտպան Ֆրան Գարսիան և իսպանացի հարձակվող Խոսելուն:
Ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնա» են տեղափոխվել գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ու իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը:


