«Բարսելոնայի» ղեկավարությունը գոհ է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը տրանսֆերային շատ պահանջներ չի ներկայացնում։
Relevo-ն գրում է, որ գերմանացի մասնագետը պատրաստ է պահել «Բլաուգրանայի» ներկայիս կազմի կորիզը, սակայն հուսով է երկու-երեք համալրում ունենալ։ Նա, ընդհանուր առմամբ, գոհ է թիմի խաղային որակներից, ինչի մասին արդեն հայտնել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտային։
«Բարսելոնայի» ղեկավարությանը դուր է եկել Ֆլիկի այդ մոտեցումը` հաշվի առնելով ակումբի ֆինանսական ծանր վիճակը։ Ակումբի աշխատակիցները 59-ամյա մարզչին նկարագրում են` որպես նրբանկատ և մանրուքների նկատմամբ ուշադիր մարդու։
Հիշեցնենք, որ Ֆլիկը վերջերս է ստանձնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա փոխարինել է Չավիին։