Կատալոնական «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ պարտվեց տնային խաղում:
Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 1-2 հաշվով պարտվեց «Լաս Պալմասին»:
49-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող, իսպանացի Սանդրո Ռամիրեսը, 12 րոպե անց 20 մետրից կատարած տպաավորիչ հարվածով պատասխան գոլը խփեց կատալոնական գրանդի բրազիլացի վինգեր Ռաֆինյան: Այնուամենայնիվ, 67-րդ րոպեին «Լաս Պալմասին» կրկին հաշվի մեջ առաջ մղեց պորտուգալաացի հաարձակվող Ֆաբիու Սիլվան:
«Բարսելոնան» պաշտոնական խաղերում նախորդ անգամ տանը պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան մրցավեճում` 1-4: Այս խաղը կաայացել է ապրիլի 16-ին: Լա լիգայում նախորդ անգամ «Բարսելոնան» տանը պարտվել է հունվարի 27-ին` 3-5 հաշվով զիջելով «Վիլյառեալին»:
Ֆլիկի թիմը 34 միավորով Լա լիգայի առաջատարն է, չորս միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Արքայական ակումբը» մեկ հետաձգված խաղ էլ ունի անցկացնելու: «Լաս Պալմասը» 15 միավորով բարձրացավ 14-րդ տեղ:
Իսպանիայի Լա լիգա, 15-րդ տուր
«Բարսելոնա» - «Լաս Պալմաս»` 1-2
Ռաֆինյա, 61 - Սանդրո Ռամիրես, 49, Ֆաբիու Սիլվա, 67