Logo

«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեց «Ռեալից» և 32-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը

02:47 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում 3-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին» և պատմության մեջ 32-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Արքայական գավաթը: Նախորդ անգամ այս տիտղոսը կատալոնական գրանդը նվաճել էր 2021 թվականին:

28-րդ րոպեին Լամին Յամալի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին` մոտ 20 մետրից շքեղ հարվածով գրավելով «Ռեալի» դարպասը:

Առաջին խաղակեսում «Բարսելոնան» ևս երեք դիպուկ հարված կատարեց, իսկ «Արքայական ակումբն» ընդամենը մեկ շեղ հարվածով պատասխանեց մրցակցին:

Երկրորդ խաղակեսում «Ռեալն» ավելի ակտիվ գործեց հարձակման գծում: Խաղակեսի մեկնարկից առաջ Ռոդրիգոյին փոխարինեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Հենց Մբապեն 70-րդ րոպեին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց և այն գոլի վերածեց: 7 րոպե անց էլ Կառլո Անչելոտիի թիմն անկյունային խաղարկեց. Արդա Գյուլերի փոխանցումից հետո գլխի հարվածով Վոյցեխ Շչեսնիի դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյան Չուամենին:

Եվս 7 րոպե անց էլ Յամալի կտրող փոխանցումից հետո իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը դուրս եկավ Տիբո Կուրտուայի դիմաց, շրջանցեց նրան և գնդակն ուղարկեց «Արքայական ակումբի» դարպասը` 2-2: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում ավելի սուր էր գրոհում «Բարսելոնան»: Խաղի վճռորոշ գոլը գրանցվեց 116-րդ րոպեին. «Ռեալի» ավագ Լուկա Մոդրիչը գնդակն ուղարկեց Բրահիմ Դիասի ուղղությամբ, սակայն այդ գնդակին հասավ «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն և հեռվից հարվածով այն ուղարկեց Կուրտուայի դարպասը` 3-2:

Իսպանիայի Արքայական գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»` 3-2 

Պեդրի, 28, Ֆերան Տորես, 84, Ժյուլ Կունդե, 116 - Կիլիան Մբապե, 70, Օրելյան Չուամենի, 77

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ