Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Ալմերիայի» նկատմամբ:
Հանդիպման սկզբնամասում 11-մետրանոց նշակետից վրիպեց Լա լիգայի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, սակայն դա կատալոնացիներին չխանգարեց հասնել հաղթանակի։ Երկրորդ խաղակեսում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի և հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի գոլերը ապահովեցին Չավիի գլխավորած թիմի հաղթանակը:
«Բարսելոնայի» մեկնարկային կազմում 85 րոպե խաղաց կարիերան ավարտելու մասին հայտարարած իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն, որը վերջնամասում փոխարինվեց ծափահարությունների ներքո։ Ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ «Ալմերիայի» դեմ խաղն իր համար վերջինն է լինելու «Կամպ Նոու» ստադիոնում։
«Բարսելոնան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ խաղ պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալին» գերազանցում է 2 միավորով: «Ալմերիան» 13 միավորով 15-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Բարսելոնա» - «Ալմերիա»՝ 2-0
Ուսման Դեմբելե, 48, Ֆրենկի դե Յոնգ, 62
11-մետրանոցից վրիպում՝ Ռոբերտ Լևանդովսկի, 7 («Բարսելոնա»)