Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ կհրավիրի կենտրոնական պաշտպանի, քանի որ Ժերար Պիկեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Հունվարին մենք կհրավիրենք նոր կենտրոնական պաշտպանի: Սա առաջնային է, քանի որ Պիկեն որոշել է հեռանալ»,- Չավի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնայի» սան է և 1997-2004-ին մարզվել է ակումբի ակադեմիայում: 2004-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ու մինչև 2008-ը պաշտպանել է անգլիական ակումբի գույները: Նույն տարում վերադարձել է «Բարսելոնա», որտեղ ելույթ է ունենում մինչև օրս:
Ժերար Պիկեն «Բարսելոնայի» հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում:
Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն: