«Բարսելոնան» հրապարակել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության համար թիմի հայտացուցակը, որտեղ ընդգրկվել են նաև կիսապաշտպան Դանի Օլմոն ու հարձակվող Պաու Վիկտորը։ Այդ ֆուտբոլիստներին «Բլաուգրանան» չի կարողացել գրանցել մրցաշրջանի երկրորդ հատվածի հանդիպումների համար։
Օլմոյի ու Վիկտորի գրանցումը մերժել են Լա լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Բարսելոնան» պատրաստվում է դատարանում բողոքարկել որոշումը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայում հունվարի 8-12-ը: Մրցաշարին կմասնակցեն երկրի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», փոխչեմպիոն «Բարսելոնան», գավաթակիր Բիլբաոյի «Աթլետիկն» ու գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից «Մալյորկան»։
Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում «Բարսելոնան» հունվարի 8-ին կմրցի «Աթլետիկի», իսկ «Ռեալը»՝ հունվարի 9-ին «Մալյորկայի» դեմ։