Իսպանիայի առաջնության առաջատար կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է երկարաձգել պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ, հայտնում է Fichajes-ը:
Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը 34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներին հայտնել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը, եթե վերջինս համաձայնի խաղալ ցածր աշխատավարձով:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Բուսկետսն առաջարկներ ունի ամերիկյան «Ինտեր Մայամիից» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից», որտեղ ելույթ է ունենում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» դեմ գավաթային խաղում (1-0) դարձել էր ռեկորդակիր (46) «Էլ Կլասիկոներին» մասնակցության քանակով՝ գերազանցելով ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիին ու Սերխիո Ռամոսին:
Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2008 թվականից և 710 խաղում խփել է 18 գոլ, կատարել 42 գոլային փոխանցում: