Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» արձագանքել է գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի»՝ Լա լիգայի 13-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությանը (2-3):
«Արքայական ակումբի» պարտությունից հետո կատալոնացիները մի քանի գրառում են կատարել Թվիթերում. «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը սկզբում հրապարակել է ժպտացող Ռոբերտ Լևանդովսկիի լուսանկարը, քիչ անց ներկայացրել է մրցաշարային աղյուսակը, իսկ ավելի ուշ՝ լուսանկար, որտեղ ժպտում է գլխավոր մարզիչ Չավին:
«Տրամադրություն»,- գրված է իսպանացի մասնագետի լուսանկարին կից:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 34 միավորով առաջատարն է, «Ռեալը» 32 միավորով երկրորդ տեղում է:
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում կատալոնական ակումբը նոյեմբերի 9-ին կհյուրընկալվի Պամպլոնայի «Օսասունային»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:30-ին: