«Բարսելոնան» 15-րդ անգամ դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր։ Սաուդյան Արաբիայում կայացած մրցաշարի եզրափակիչում կատալոնական ակումբը 5-2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։
«Էլ կլասիկոյի» հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին. «Արքայական ակումբին» առաջ մղեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
Նախքան ընդմիջումը «Բլաուգրանան» չորս գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը. աչքի ընկան վինգերներ, իսպանացի Լամին Յամալն ու բրազիլացի Ռաֆինյան, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն։
48-րդ րոպեին Ռաֆինյան 5-րդ գնդակն ուղարկեց «Ռեալի» դարպասն ու դուբլ գրանցեց։
56-րդ րոպեին «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից, իսկ 60-րդ րոպեին մադրիդյան գրանդի բրազիլացի վինգեր Ռոդրիգոն տուգանայինից կատարած հարվածով խփեց խաղի վերջին գոլը։
Կատալոնական ակումբն Իսպանիայի Սուպերգավաթի տիտղոսների քանակով ռեկորդակիր է: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը տիտղոսը հաղթել է 13 անգամ: Եռյակը եզրափակում են «Աթլետիկն» ու «Դեպորտիվոն», որոնք մրցանակը հաղթել են 3-ական անգամ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2-0 հաշվով պարտության էր մատնել Բիլբաոյի «Աթլետիկին», իսկ «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել էր «Մալյորկային»:
Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ
«Ռեալ» - «Բարսելոնա»` 2-5
Կիլիան Մբապե, 5, Ռոդրիգո, 60 - Լամին Յամալ, 22, Ռոբերտ Լևանդվոկսի, 36 (11մ), Ռաֆինյա, 39, 48, Ալեխանդրո Բալդե, 45+10
Հեռացում` Վոյցեխ Շչեսնի, 56 («Բարսելոնա»)