Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ձախ վինգեր Ֆերան Տորեսն ազդրի վնասվածք է ստացել «Օսասունայի» դեմ Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
23-ամյա Տորեսը եղել է տանտերերի մեկնարկային կազմում, սակայն խաղի մեկնարկից ընդամենը 8 րոպե անց արցունքներն աչքերին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Բուժզննումն ախտորոշել է ազդրի վնասվածք, որից ապաքինվելու համար սովորաբար պահանջվում է 4-5 շաբաթ:
Այդ ընթացքում կատալոնական ակումբը կանցկացնի «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը (փետրվարի 21), որին իսպանացին չի մասնակցի: Մինչև այդ «Բարսելոնան» ներքին առաջնությունում կխաղա «Ալավեսի» (փետրվարի 3), «Գրանադայի» (փետրվարի 11) ու «Սելտայի» (փետրվարի 17) դեմ:
Ֆերան Տորեսից բացի, «Բարսելոնայում» այս պահին վնասվածք ունեն նաև դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպաններ Ինյիգո Մարտինեսը, Ալեխանդրո Բալդեն, Մարկոս Ալոնսոն, կիսապաշտպաններ Գավին, Սերժի Ռոբերտոն, վինգերներ Ժոաու Ֆելիքսն ու Ռաֆինյան:


