FastNews-ը նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էր այն հայ ֆուտբոլիստների ցանկը, որոնք Fastex Պրեմիեր լիգայում խաղացել են 8 և ավելի թիմերում:
Այսօր կանդրադառնանք լեգեոնականներին: Նրանց մեծամասնությունը Հայաստանի առաջնություններում առավելագույնը մի քանի մրցաշրջան է անցկացրել: Միևնույն ժամանակ մի խումբ այլազգի ֆուտբոլիստներ բավական երկար են մնացել Հայաստանում, իսկ նրանց մի մասը նույնիսկ հասցրել է խաղալ 4 և ավելի հայկական թիմերում:
Հայաստանի առաջնություններում առավել հաճախ ակումբային գրանցումը փոխել են Անատոլի Այվազովն ու Սոլոմոն Իմե Ուդոն, որոնք խաղացել են հայկական 6 թիմերում: Ընդ որում ռուս դարպասապահն առաջնության գարնանային հատվածում կդառնա թիմից թիմ տեղափոխությունների քանակով այլազգի ֆուտբոլիստների մեջ ռեկորդակիր, երբ պաշտպանի «Վանի» դարպասը:
Հիշեցնենք, որ Անատոլի Այվազովը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկում» 2014/15թթ. առաջնությունում, այնուհետև պաշտպանել է «Շիրակի», «Ուրարտուի», «Նոայի», «Ալաշկերտի» և «Վեստ Արմենիայի» դարպասները:
Ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից Խամես Սանթոսը գարնանը նորամուտը կնշի իր կարիերայի հայկական 5-րդ ակումբում՝ «Նոայում»: Բրազիլացի ֆուտբոլիստը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել է 2019/20թթ. մրցաշրջանում՝ ելույթ ունենալով «Արարատում», ապա տեղափոխվել է «Ուրարտու»: 2021/22թթ. առաջնությունում նա խաղում էր «Ալաշկերտում»: Իսկ 2022/23թթ. առաջնության գարնանային հատվածում Խամես Սանթոսն արդեն «Փյունիկի» ֆուտբոլիստ էր, որի կազմում էլ հաջորդ մրցաշրջանում արժանացավ իր առաջին տիտղոսին՝ Հայաստանի չեմպիոնի կոչմանը:

Վրացական «Թելավիից» Հայաստան վերադարձած Ջոնել Դեսիրեն առաջնության գարնանային հատվածում ելույթ կունենա «Վեստ Արմենիայում», որը նրա ֆուտբոլային կարիերայում կլինի հայկական 5-րդ ակումբը:
Հայիթցի ֆուտբոլիստն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2018թ. ամռանը՝ ընդգրկվելով Բարձրագույն խմբում նորամուտը նշող Վանաձորի «Լոռիում»: Թիմի կազմում առաջին հանդիպումներից Դեսիրեն լիովին դրսևորեց ռմբարկուական իր հատկանիշները: Նա 25 խաղում խփած 17 գոլով դարձավ 2018/19թթ. առաջնության լավագույն ռմբարկուն:
Հաջորդ մրցաշրջանում Դեսիրեն կրկին աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 12 գնդակով ճանաչվելով «Լոռիի» լավագույն ռմբարկու: Ընդ որում գոլերից 5-ը նա խփեց «Երևանի» դարպասը՝ դառնալով ՀՀ առաջնություններում պենտա-տրիկ ձևակերպած միակ լեգեոնականը: Այդ արդյունքը մինչև օրս ռեկորդային է:

Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացնելով «Ուրարտուի» կազմում, հայիթցի ֆուտբոլիստը մեկնեց Կիպրոս, որտեղից 2023թ. հունվարին վերադարձավ Հայաստան՝ ընդունելով «Փյունիկի» հրավերը: Առաջնության ավարտից հետո Դեսիրեն մեկնեց Վրաստան՝ հանդես գալով «Թելավիում», իսկ նախորդ առաջնության գարնանային հատվածն անցկացրեց «Ալաշկերտում», որից հետո կրկին վերադարձավ վրացական ակումբ:
Հայկական 4 ակումբների մարզական պատիվը պաշտպանած լեգեոնականներից առաջնության գարնանային հատվածում հանդես կգա նաև Աննան Մենսահը: Գանացի ֆուտբոլիստը որոշ ընդմիջումից հետո կրկին կխաղա «Ալաշկերտում»՝ թիմի կազմ վերադառնալով Առաջին խմբում հանդես եկող «Լեռնային Արցախից»: Նա նախկինում «Ալաշկերտում» խաղացել էր նախորդ երկու մրցաշրջաններում:
Աննան Մենսահը Ջոնել Դեսիրեի հետ 2018/19թթ. մրցաշրջանում խաղացել է «Լոռիում», իսկ հաջորդ առաջնությունում հանդես է եկել «Գանձասար-Կապանում», որից հետո երկու մրցաշրջան անցկացրել է «Ուրարտուի» կազմում:

FastNews-ը ներկայացնում է այլազգի այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք Fastex Պրեմիեր լիգայում խաղացել են 4 և ավելի թիմերում՝ նշելով Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակն ու ակումբը, որում առավել շատ հանդիպումների է մասնակցել:
|
Ֆուտբոլիստներ |
Թիմ |
Խաղ |
Ակումբ |
|
1.Սոլոմոն Իմե Ուդո |
6 |
202 |
«Շիրակ» - 90 |
|
2.Անատոլի Այվազով |
6 |
135 |
«Շիրակ» - 56 |
|
3.Վսևոլոդ Երմակով |
4 |
171 |
«Շիրակ» - 61 |
|
4.Գագա Թբիլաշվիլի |
4 |
165 |
«Գանձասար-Կապան» - 81 |
|
5.Դավիթ Խուրցիձե |
4 |
164 |
«Ալաշկերտ» - 66 |
|
6.Խամես Սանթոս Դաս Նևես |
4 |
132 |
«Փյունիկ» - 55 |
|
7.Աննան Մենսահ |
4 |
126 |
«Ալաշկերտ» - 59 |
|
8.Ուրոշ Նենադովիչ |
4 |
124 |
«Ալաշկերտ» - 80 |
|
9. Ջոնել Դեսիրե |
4 |
121 |
«Լոռի» - 48 |
|
10.Գորան Օբրադովիչ |
4 |
113 |
«Գանձասար-Կապան» - 83 |
|
11.Ջուլիուս Դավիդ Ուֆուոմա |
4 |
100 |
«Նորավանք» - 32 |
|
12.Էդվարդ Կպոդո |
4 |
98 |
«Ուրարտու» - 56 |
|
13.Ալեքսանդր Գլիշիչ |
4 |
94 |
«Ալաշկերտ» - 58 |
|
14.Դեու Դոսա Օլատունջի |
4 |
80 |
«Լոռի» - 34 |


