FastNews-ը նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էր Հայաստանի առաջնություններում միևնույն թիմի կազմում երկար տարիներ հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավատարմորեն պաշտպանել են իրենց համար հարազատ դարձած ակումբի պատիվը: Նրանցից ոմանք ֆուտբոլային ողջ կարիերան անցկացրել են Բարձրագույն խմբի առաջնության մասնակից միայն մեկ թիմում:
Իսկ ովքե՞ր են ՀՀ առաջնությունների պատմության ընթացքում առավել հաճախակի թիմից թիմ տեղափոխվել: Նրանց թիվն անհամեմատ ավելի մեծ է: Հարկ է նշել, որ տեղափոխությունների մի մասը տեղի է ունեցել անկախ ֆուտբոլիստների ցանկությունից, քանի որ այս 33 տարիների ընթացքում Բարձրագույն խմբում հանդես եկած մի շարք ակումբներ տարբեր պատճառներով լուծարվել են:
Տեղափոխությունների թվով յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է: 1995-2006թթ. ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններում 192 խաղ անցկացրած Նարիմանյանը հասցրել է կրել 13 թիմերի մարզաշապիկները:

Բարձրագույն խմբում նա իր կարիերան սկսել է 17 տարեկանում՝ «Կոտայք-2-ի» կազմում մասնակցելով 1995թ. գարնանային-անցումային մրցաշարին: Մրցաշրջանի ավարտից հետո այդ թիմի բազայի վրա հիմնվեց «Երևան» ակումբը, որում ընդգրկվեց նաև Նարիմանյանը: Հաջորդ մրցաշրջանում նա արդեն «Կոտայքի» կազմում էր, իսկ 1997թ. առաջնությունն անցկացրեց «Էրեբունի-ՀՄՄ-ում», որում խաղաց նաև հաջորդ տարի:
1999թ. առաջնությունը Նարիմանյանը դիմավորեց «Ղարաբաղում»: Վերջինս 15-րդ տուրից հետո հրաժարվեց առաջնության հետագա մասնակցությունից, ուստի Նարիմանյանը ստիպված էր առաջնության մնացած հատվածն անցկացնել այլ թիմում՝ տեղափոխվելով Բարձրագույն խմբում նորամուտը նշող Երևանի «Զվարթնոց»: Հենց այս թիմի կազմում էլ առավել երկար՝ 1999-2000թթ. հանդես եկավ ֆուտբոլիստը՝ մասնակցելով 40 խաղի:
Հետագա տարիներին Նարիմանյանը մեկական մրցաշրջան հանդես եկավ «Սպարտակում», «Բանանցում», «Արաքսում» ու «Միկայում» (2003թ.), «Արարատում», Երևանի «Լեռնագործում» և «Ուլիսում»:
2-րդ ցուցանիշն ունի Անդրանիկ Զանազանյանը, որը 11 մրցաշրջանների ընթացքում նույնքան թիմերի պատիվն է պաշտպանել:
Ընթացիկ առաջնության մասնակից ֆուտբոլիստներից յուրօրինակ ռեկորդակիրը «Գանձասարի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանն է, որի համար կապանյան թիմը 10-րդն է: Շահինյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր ելույթները սկսել է պատանի տարիքում «Միկայի» կազմում՝ նորամուտը նշելով 2011թ. օգոստոսի 28-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության խաղում: Թիմի գլխավոր մարզիչ Յոժեֆ Բուբենկոն 85-րդ րոպեին Կոնստանտին Մանդրիչենկոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Սարգիս Շահինյանին, որն ընդամենը 15 տարեկան 352 օրական էր:
Հաջորդ մրցաշրջանում պատանի ֆուտբոլիստն արդեն թիմի հիմնական կազմի խաղացող էր ու մասնակցեց առաջնության 42 հանդիպումներից 40-ին: Նա իր առաջին տիտղոսը նվաճեց՝ թիմակիցների հետ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր:
2015/16թթ. մրցաշրջանում հանդես գալով «Փյունիկում», Շահինյանը 2-րդ անգամ վայելեց Սուպերգավաթի նվաճման բերկրանքը: Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացնելով «Գանձասար-Կապանում», Շահինյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», որի կազմում էլ 2018թ. դարձավ Հայաստանի եռակի սուպերգավաթակիր: Հետագայում նա խաղացել է «Արարատում», «Լոռիում», «Արարատ-Արմենիայում», «Նոայում» և «Վեստ Արմենիայում», իսկ ընթացիկ առաջնությունում նորամուտը նշեց «Գանձասարում»:

Արթուր Ավագյանը, Տիգրան Լ. Հովհաննիսյանն ու Արթուր Ս. Մինասյանը ևս հանդես են եկել 10 թիմերի կազմում: Ընդ որում Տիգրան Լ. Հովհաննիսյանը բոլորից երկար՝ 8 տարի (1993-2000թթ.) հանդես է եկել միևնույն թիմում՝ Արարատի «Ցեմենտում», որի կազմում մասնակցել է 154 խաղի, 2 անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները, մեկական անգամ դարձել է սուպերգավաթակիր և արծաթե մրցանակակիր: Եվ միայն «Ցեմենտի» լուծարումից հետո են սկսվել ֆուտբոլիստի դեգերումները թիմից թիմ:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում 16 մրցաշրջան անցկացրած Արթուր Ավագյանի ֆուտբոլային երկարատև կարիերան այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ մի քանի անգամ թիմերի լուծարման պատճառով ստիպված է եղել որոշ ժամանակ հարկադիր պարապուրդի մատնվել մինչև նոր ակումբ տեղափոխվելը:
Բարձրագույն խմբում Ավագյանի նորամուտը կայացել է 2005թ. ապրիլի 17-ին «Լեռնային Արցախի» կազմում «Բանանցի» հետ մրցավեճում: Հանդիպման 77-րդ րոպեին Արկադի Անդրեասյանը պատանի ֆուտբոլիստին խաղադաշտ մտցրեց Արարատ Ղազարյանի փոխարեն: Այդ օրն Արթուրը 17 տարեկան 287 օրական էր: Սակայն առաջնության 11-րդ տուրից հետո «Լեռնային Արցախը» հրաժարվեց մրցաշարի հետագա մասնակցությունից:
Հետագա տարիներին Արթուր Ավագյանը խաղացել է «Կիլիկիայում» (2008-2010թթ.), «Արարատում» (2011թ.), «Գանձասար-Կապանում» (2012/13-2015/16թթ.), «Ալաշկերտում» (2015/16թթ.), «Բանանցում» (2016/17-2018/19թթ.), «Լոռիում» (2019/20-2020/21թթ.), «Սևանում» (2021/22թթ.) և «Նորավանքում» (2021/22թթ.): Վերջին 3 թիմերից նա ստիպված է եղել հեռանալ ակումբների լուծարման պատճառով՝ ֆուտբոլային կարիերան ավարտելով «Փյունիկում»: Առավել երկար Ավագյանը ելույթ է ունեցել «Գանձասար-Կապանում»՝ Fastex Պրեմիեր լիգայում անցկացնելով 87 խաղ:
8 թիմերում հանդես եկած Սևադա Արզումանյանը 1996/97թթ. առաջնությունում հասցրել է կրել 3 ակումբների մարզաշապիկները: Առաջնությունը նա սկսել էր «Կոտայքում», այնուհետև 3-րդ տուրից հետո տեղափոխվել էր ԲԿՄԱ: Սակայն վերջինս առաջին շրջանի ավարտից հետո լուծարվել էր և Արզումանյանը ելույթները շարունակել էր «Վանում»:
2012/13թթ. առաջնությունում 3 թիմում է հանդես եկել նաև Հովհաննես Գրիգորյանը: Նա առաջնության մեկնարկում հանդես եկավ «Շիրակում», որի հետ պայմանագիրը խզելուց հետո տեղափոխվեց «Ուլիս», իսկ մրցաշարի գարնանային հատվածն անցկացրեց «Արարատում»: Հովհաննես Գրիգորյանը 8 անգամ փոխել է ակումբային գրանցումը:
Տեղափոխությունների առումով հետաքրքիր է նաև Արթուր և Արա Ոսկանյան եղբայրների վիճակագրությունը: Թեև Արան ավագ եղբորից ուղիղ 2 անգամ քիչ հանդիպում է (127) անցկացրել, սակայն նա էլ Արթուրի պես հանդես է եկել 8 թիմերի կազմում:
Բարձրագույն խմբում նրանք ֆուտբոլային կարիերան սկսել են միևնույն թիմում՝ Էջմիածնի «Զվարթնոցում». Արթուրը՝ 1993թ., Արան՝ հաջորդ մրցաշրջանում: Այնուհետև եղբայրները տեղափոխվել են «Վան»: 1997թ. նրանք կարճ ժամանակով բաժանվեցին. Արթուրը մեկնեց «Ղարաբաղ»: Հաջորդ մրցաշրջանում եղբայրները կրկին միասին էին, այս անգամ՝ արդեն «Ցեմենտում»:

Հետագայում Ոսկանյանները միասին հանդես եկան «Սպարտակում» ու «Բանանցում», ապա կարճ ժամանակով կրկին բաժանվեցին և հանդիպեցին նախ «Փյունիկում», ապա «Արարատում»:
FastNews-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ֆուտբոլային կարիերայում հանդես են եկել Բարձրագույն խմբի 8 և ավելի թիմերում՝ նշելով, թե ակումբներից որում է ֆուտբոլիստն ավելի երկար խաղացել, որ թվականներին և քանի խաղ է անցկացրել այդ թիմում:
|
Ֆուտբոլիստներ |
Թիմ |
Խաղ |
Ակումբ |
|
1.Հայկ Նարիմանյան |
13 |
192 |
«Զվարթնոց» - 40 |
|
2.Անդրանիկ Զանազանյան |
11 |
180 |
«Կոտայք» - 48 |
|
3.Տիգրան Լ. Հովհաննիսյան |
10 |
305 |
«Ցեմենտ» - 154 |
|
4.Արթուր Ավագյան |
10 |
259 |
«Գանձ.-Կապան» - 87 |
|
5.Սարգիս Շահինյան |
10 |
231 |
«Ալաշկերտ» - 47 |
|
6.Արթուր Ս. Մինասյան |
10 |
177 |
«Երևան» - 39 |
|
7.Արթուր Քոչարյան |
9 |
357 |
«Գանձասար» - 94 |
|
8.Գևորգ Կասպարով |
9 |
348 |
«Միկա» - 111 |
|
9. Հայկ Իշխանյան |
9 |
279 |
«Գանձ.-Կապան» - 95 |
|
10.Կարեն Նավոյան |
9 |
264 |
«Արարատ» - 92 |
|
11.Էդիկ Երիցյան |
9 |
248 |
«Կոտայք» - 86 |
|
12.Աշոտ Գրիգորյան |
9 |
236 |
«Բանանց» - 82 |
|
13.Գրիգոր Գրիգորյան |
9 |
221 |
«Կիլիկիա» - 48 |
|
14.Արսեն Դալլաքյան |
9 |
184 |
«Միկա» - 52 |
|
15.Գոռ Աթաբեկյան |
9 |
162 |
«Ուլիս» - 68 |
|
16.Արկադի Չիլինգարյան |
9 |
142 |
«Միկա» - 36 |
|
17.Սարգիս Նազարյան |
8 |
299 |
«Զվարթնոց» - 86 |
|
18.Կարեն Գրիգորյան |
8 |
256 |
«Երևան» - 74 |
|
19.Արթուր Ոսկանյան |
8 |
254 |
«Բանանց» - 55 |
|
20.Սևադա Արզումանյան |
8 |
229 |
«Արարատ» - 86 |
|
21.Նվեր Խաչատրյան |
8 |
220 |
«Զվարթնոց» - 89 |
|
22.Արշակ Ամիրյան |
8 |
208 |
«Արարատ» - 95 |
|
23.Արսեն Այվազյան |
8 |
205 |
«Արարատ» - 96 |
|
24.Հովհաննես Գրիգորյան |
8 |
205 |
«Բանանց» - 81 |
|
25.Արա Մարկոսյան |
8 |
202 |
«Վան» - 65 |
|
26.Գևորգ Միրիջանյան |
8 |
179 |
«Զվարթնոց» - 77 |
|
27.Մարատ Մկրտչյան |
8 |
179 |
«Միկա» - 77 |
|
28.Ալբերտ Աճեմյան |
8 |
156 |
«Երևան» - 78 |
|
29.Միխեիլ Սիմոնյան |
8 |
147 |
«Ուլիս» - 47 |
|
30.Հայկ Հակոբյան |
8 |
128 |
«Դվին» - 40 |
|
31.Արա Ոսկանյան |
8 |
127 |
«Բանանց» - 37 |


