«Բարսելոնան» տպավորիչ և միմյանցից տարբերվող խաղաոճեր է ունեցել Ֆրանկ Ռայկարդի, Պեպ Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի օրոք, բայց ակումբին փառք բերած 21-րդ դարի այդ մարզիչների թիմերն ունեցել են մեկ ընդհանուր բան. նրանք միշտ ֆիզիկական ուժով զիջել են մրցակիցներին: Եվ դա նորմալ է: Պարզ է, որ «Բարսայի» յուրահատուկ ֆուտբոլի համար տեխնիկապես զարգացած և արագ մտածող ֆուտբոլիստներ են հարկավոր, այլ ոչ թե մրցակիցներին խոտածածկին տապալող հսկաներ: Երբեմն դա խնդիր էր դառնում, որովհետև նույնիսկ մրցակցին խաղամակարդակով գերազանցելը բավական չէր հոգեբանական ճնշումներին դիմանալու համար: «Բլաուգրանայի» խաղացողներին հավասարակշռությունից հանելու համար մրցակիցներն ամենակոպիտ հնարքներին էին դիմում, ստիպում կռվի դաշտ մտնել, որտեղ հենց նրանք առավելություն ունեին: Ռայկարդն այդ խնդիրը մասամբ լուծում էր՝ Տյագո Մոտային երբեմն ասպարեզ դուրս բերելով, որը կռվելու և կոպիտ խաղալու մեծ սիրահար էր: Գվարդիոլան նմանատիպ դեր էր հատկացրել Սեյդու Կեյտային, իսկ Լուիս Էնրիկեի թիմում նման դեր մասամբ կատարում էր Իվան Ռակիտիչը:
Չավիի «Բարսելոնան» կառուցված է վետերանների և պատանիների համադրությամբ: Թիմում քիչ են միջին տարիքի, ֆիզիկապես ուժեղ խաղացողները: Մրցակիցները դա լավ գիտեն և փորձում են թիմին ճնշել հենց այդ բնագավառում: Երիտասարդ տաղանդները գնդակի վարվելու հարցում գերազանցում են գրեթե բոլոր մրցակիցներին, բայց եթե խաղն անցնում է մենապայքարների փուլ, սկսվում են խնդիրները: Պատահական չէ, որ «Բարսան» անչափ շատ է սկսել խախտել կանոնները: Ֆուտբոլիստները մենապայքարներում հաճախ են պարտվում և ստիպված են խախտումների գնալ:
Վերոնշյալը հիմնական պատճառներից է, թե ինչու «կապտանռնագույնները» նոր վինգեր փնտրելիս կանգ առան Ադամա Տրաորեի թեկնածության վրա: Ուսման Դեմբելեին արդեն ելքի դռան կողմն են ցույց տվել, իսկ Անսու Ֆատին հերթական անգամ երկար ժամանակով դուրս մնաց շարքից: Թիմին վինգերներ են հարկավոր, և Ադամա Տրաորեն գալիս է՝ այդ բացը լրացնելու և միաժամանակ ֆիզիկական գերազանցության հույս տալու համար:
Տրաորեն «Բարսելոնայի» անսովոր սան է
Երբ մեզ ասում են՝ «Լա Մասիա» ակադեմիայի ֆուտբոլիստ, մենք սովորաբար պատկերացնում ենք տեխնիկապես հարուստ, փոխանցումների միտված թիմային ֆուտբոլիստի, սակայն մալիացի Տրաորեի դեպքում համակարգում անհասկանալի բան է տեղի ունեցել: «Մատրիցայում դեժավյու է»…
«Երբեք ավելի արագ ֆուտբոլիստի չեմ մարզել: Երբ նա 14-15 տարեկան էր, Ադամայից գնդակը խլելու համար հարկավոր էր սպանել նրան: Երբեմն նա կարող էր մրցակցի անկյունայինի խաղարկումից հետո խլել գնդակը և մեծ արագությամբ անցնել բոլոր մրցակիցներին և գոլ խփել»,- հիշում է «Բարսելոնայի» ակադեմիայում Տրաորեին մարզած Անդրես Կարասկոն:
Ադաման ծնվել է 1996 թվականին Կատալոնական Օսպիտալետ քաղաքում: Վինգերը խոստովանում է, որ ֆուտբոլը փրկել է նրա կյանքը:
«Երբ դպրոցական էի, ինձ և եղբորս բազմիցս առաջարկել են ավազակախմբի անդամ դառնալ: Այն ժամանակ դու կարող էիր թաղամասում հանրահայտ դառնալ, եթե բանդայի անդամ լինեիր: Բայց ես տեսել էի օրինակներ, երբ տաղանավոր խաղացողները հեռանում են ֆուտբոլից և թմրանյութ վաճառում: Ես չէի ուզում այդպիսին լինել: Մեզ դուր էր գալիս միայն ֆուտբոլ խաղալը»:
Տրաորեին օգնեց նաև «Լա Մասիան», որի շնորհիվ վինգերը նույնիսկ նորամուտը նշեց «Բարսելոնայի» գլխավոր թիմում: Իր նորամուտի խաղում Ադաման փոխարինեց Նեյմարին, այնուհետև մասնակցեց ևս 3 խաղի: «Կապտանռնագույնների» կազմում 18 տարեկանում նա 4 խաղ անցկացրեց, բայց հետո որոշեց հեռանալ:
«Բարսելոնայում» 10 տարի եմ անցկացրել և շատ լավ հիշողություններ ունեմ ակումբից: Երբ հեռանում էի, ակումբի ղեկավարության հետ որոշ տարաձայնություններ ունեինք, և ես որոշեցի այլ վայրում աճել որպես ֆուտբոլիստ»:
Ռոսելի և Բարտոմեուի ղեկավարության հետ կոնֆլիկտով հիմա ոչ մեկի չես զարմացնի, բայց նույնիսկ նրանք էին հեռանկար տեսել երիտասարդ վինգերի խաղում և «Ասթոն Վիլային» նրա տրանսֆերային իրավունքները 10 մլն եվրոյով վաճառելիս համաձայնագրում կետ էին ներառել, ըստ որի՝ կարող են ֆուտբոլիստին հետ գնել: Հետո պարզվեց՝ դա ոչինչ չի տա…
Թիմից մերժվածը
Մեծ Բրիտանիայում Ադամայի առաջին կայարանն «Ասթոն Վիլան» էր, որտեղ նա անմիջապես բոլորից առանձնացավ իր հրթիռային արագությամբ: Բիրմինգհեմյան ակումբում առանձնապես չէին վստահում 19-ամյա ֆուտբոլիստին (միջինը՝ 22 րոպե խաղաժամանակ), բայց նա արագորեն հասցրեց սարսափ դառնալ մրցակցի պաշտպանների համար:
«Տրաորեին ամենամեծ հաճոյախոսությունը, եթե կարելի է այդպես անվանել, այն է, որ թիմակիցները չէին ուզում նրա հետ խաղալ, բայց նաև ոչ ոք չէր ցանկանում նրա մրցակիցը լինել: Նա պահանջում է գնդակը և հաճախ խաբքի դիմում, երբ դրա կարիքը չկա: Նրան օգտակար գործողությունն է պակասում»,- հայտարարել է 2015 թվականի «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը:
Այս տեսանյութն օգնում է հասկանալ մարզչի խոսքերը և վինգերի թիմակիցների դժգոհությունը:
Արդեն մեկ տարի հետո անգլիական ակումբը որոշեց 8 մլն եվրոյով վաճառել անսանձահարելի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Երկրպագուների սիրելին
«Միդլսբրոյում» Աիտոր Կարանկան մի քանի փորձարկում կատարեց Տրաորեի դիրքի վերաբերյալ, և Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը դարձավ երկրպագուների սիրելին:
Եթե սովորաբար ֆուտբոլիստների լավագույն դրվագներն առանձնացնելու համար հավաքում են թոփ-5 գոլերը, թոփ-10 ասիստները կամ թոփ-15 հնարքները, ապա «Միդլսբրոյում» առանձնացրել էին Տրաորեի լավագույն սպրինտները: Հատկապես տպավորիչ է իր նախկին թիմի` «Ասթոն Վիլայի» դեմ խաղում Ադամայի արագությունը մրցակցի հակագրոհի ժամանակ:
«Բոլորը ոգևորվում են, երբ գնդակն Ադամայի մոտ է, բայց նման դեպքեր խաղի ընթացքում 3 րոպե են լինում, նրան հարկավոր է մյուս 87 րոպեներին էլ լավ աշխատել: Ես հատուկ եմ ընդմիջման ժամանակ փոխում Տրաորեի եզրը, որպեսզի ամեն անգամ պահեստայինների նստարանին մոտ լինի և կարողանամ ցուցումներ տալ նրան»,- խոստովանեց Կարանկան:
Չնայած լիգայի ամենաարագ ֆուտբոլիստներից մեկի առկայությանը՝ «Միդլսբրոն» դուրս մնաց Պրեմիեր լիգայից, իսկ Չեմպիոնշիփում թիմը գլխավորեց Թոնի Պուլիսը: Նորարարությունների սիրահար երբեք չհամարված Պուլիսն անսպասելիորեն լեզու գտավ խաղային անսովոր որակներ ունեցող ֆուտբոլիստի հետ: 2017-18 մրցաշրջանում Ադաման դարձավ «Միդլսբրոյի» հակագրոհային ֆուտբոլի մահացու զենքը` դառնալով 5 գոլի և 10 ասիստի հեղինակ: Պուլիսը, որի թիմերում սովորաբար շեշտը դրվում է հաջող իրացված ստանդարտների վրա, Տրաորեին վստահեց նույնիսկ անկյունայինների իրացումը:
Վինգերը դարձավ «Միդլսբրոյի» երկրպագուների սիրելին: Երբ 2018 թվականին՝ թիմից հեռանալուց առաջ, նա գնաց ակումբի խանութ, գնեց իր անվամբ գրեթե բոլոր մարզաշապիկները և դրանք բաժանեց երկրպագուներին:
Անգլիական հրաշք
2018 թվականին «Վուլվերհեմփթոնն» ակումբի այդ ժամանակվա ռեկորդային` 20 մլն եվրոյով գնեց Տրաորեի տրանսֆերային իրավունքները: «Գայլերին» գլխավորող Նունու Էշպրիտի Սանտուն դարձավ այն մարզիչը, որը լիարժեք բացահայտեց Ադամայի տաղանդը: Դա նկատեց նույնիսկ Յուրգեն Կլոպը.
«Տրաորեն դեռ «Միդլսբրոյում» էր առանձնանում, բայց «Վուլվզում» գտավ մարզչի, որը նրա համար կատարյալ դիրք և խաղային դեր գտավ: Մեծ տարածության վրա դժվար է պաշտպանվել Ջեյմի Վարդիի դեմ, բայց Ադամայի դեմ էլ ավելի բարդ է»:
Տևական ժամանակ «գայլերը» խաղում էին 3-4-3 դասավորությամբ, որում Տրաորեն գործում էր աջ վինգերի դերում: Հենց այդ սխեմայում նա իրեն լավագույնս դրսևորեց, որովհետև իր եզրում կար լատերալ, որն արդեն իսկ պատասխանատու էր պաշտպանության համար: Նման դեպքերում Տրաորեն ազատ էր իր հրթիռային արագության և անվերջանալի խաբքերի համար: Նա իր նորամուտի խաղում 7 հաջողված խաբք կատարեց մեկ խաղակեսում: Ավելի ուշ` 2020 թվականի հունվարի 1-ին, Տրաորեն այնքան լավ տրամադրություն ուներ, որ «Ուոթֆորդի» դեմ մրցավեճում 15 հաջողված խաբք կատարեց: Դա Պրեմիեր լիգայի պատմության ռեկորդն է այդ վիճակագրության հաշվարկի պահից: 2015 թվականից ի վեր՝ դա նաև թոփ-5 լիգաների ռեկորդն է: Ընդ որում՝ Ադաման 15 հաջող խաբք կատարել էր 19 փորձից:
2019-20 մրցաշրջան. թոփ-5 լիգաներում հաջողված խաբքեր
1. Ադամա Տրաորե («Վուլվերհեմփթոն»)՝ 6,3 խաբք մեկ խաղում
2. Նեյմար (ՊՍԺ)՝ 6,1
3. Ալան Սեն-Մաքսիմեն («Նյուքասլ»)՝ 5,8
4. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 5,7
Եվ սա դեռ ամենը չէ: Տրաորեն լավագույնների թվում է նաև ամենաարագավազների հաշվարկում: Դեռ «Միդլսբրոյում» ակումբը գրանցել էր նրա արագությունը` 37 կմ/ժ: Դա պատմության ռեկորդն է: Սակայն այլ աղբյուրներ վինգերին երրորդն են համարում: Սակայն նշվածը Տրաորեի արագության ընդամենը 70 տոկոսն է, ինչի մասին ավելի ուշ:
2020 թվականի Եվրոպայի ամենաարագավազ ֆուտբոլիստները.
1. Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 36,51 կմ/ժ)
2. Աշրաֆ Հաքիմի («Բորուսիա»/«Ինտեր», 36,48 կմ/ժ)
3. Ադամա Տրաորե («Վուլվերհեմփթոն», 36,21 կմ/ժ)
2020 թվականի արդյունքներով The Guardian-ը վինգերին ճանաչեց լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
«Տրաորեն հայտնի է որպես աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստ: Հիմա ես գիտեմ, որ դա ճշմարտություն է: Խաղացել եմ Ռոնալդուի դեմ, որը յուրահատուկ խաղաոճ ունի, բայց երբեմն նրա դեմ ավելի հեշտ է պաշտպանվել, քան Ադամայի»,- հայտարարեց «Նյուքասլի» նախկին պաշտպան Յետրո Ուիլեմսը:
Արագություն, որն անհավանական քանակի խաբքերի է բերում: Ֆուտբոլային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հաշվարկել է, որ 2021 թվականին Ադաման արդեն աշխարհի ամենաշատ հաջողված խաբքեր կատարող ֆուտբոլիստն է: Ընդ որում՝ մեկ տարի առաջ նա արդեն երկրորդն էր և զիջում էր միայն Լիոնել Մեսիին: Վինգերը սովորաբար մրցակցին շրջանցում է յուրաքանչյուր 4-ից 3 դեպքերում:
Երբ «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին խնդրեցին նշել կատարյալ ֆուտբոլիստի տվյալներ, նա առանձացրեց Մեսիի ինտելեկտն ու ձախ ոտքը, Դե Բրույնեի աջ ոտքը, Միլների դիմացկունությունը, Նեյմարի տեխնիկան, Սալահի ուժը, Վան Դեյկի գլխով խաղը և Տրաորեի արագությունը: Վերջինիս մասին խոսելիս նա ասաց.
«Երբեք ինձ այդքան անօգնական չեմ զգացել, որքան Ադամայի դեմ խաղալիս: Նա անբնական կերպով է կարողանում փոխել իր վազքի ուղղությունը և պոկվել պաշտպանից»:
Թեթև, բայց տպավորիչ
Որքան էլ մասնագետները խոսում են Տրաորեի արագության ու խաբքերի մասին, միևնույն է ֆուտբոլասերների լայն շրջանակում վինգերին առաջին հերթին ճանաչում են ֆուտբոլիստներին ոչ հատուկ կազմվածքի շնորհիվ: Նա ավելի շուտ բռնցքամարտիկի կամ ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցչի է նման, քան ավանդական ֆուտբոլիստի: Պատահական չէ, որ ամերիկյան ֆուտբոլի սկաուտները փորձել են նրան համոզել փոխել մարզաձևը: Բայց Տրաորեն մերժել է բոլոր առաջարկները:
«Միգուցե նա տանը մարզասրահ ունի և այնտեղ է մարզվում, բայց երբեք նրան չեմ տեսել ծանրաձող բարձրացնելիս կամ նմանատիպ վարժություններ կատարելիս: Բայց առանց դրա էլ նա հսկա է»,- պատմում է «Վուլվերհեմփթոնում» Ադամայի նախկին թիմակից Ռոման Սաիսը:
Տրաորեն խոստովանում է, որ իսկապես ծանրաձող չի բարձրացնում, որովհետև նրա մկանները գենետիկորեն անչափ արագ են զարգանում, և դա նույնիսկ խանգարում է ֆուտբոլիստին խաղադաշտում: Նրան հարկավոր է արագ մնալ, բայց ոչ չափից շատ: Այդպիսի խորհուրդ վինգերն ստացել է արագավազքի Օլիմպիական խաղերի չեմպիոն Դարեն Քեմբելից, որը որոշ ժամանակ անհատական մարզվում էր Ադամայի հետ.
«Դարենը ասաց` ինձ հարկավոր չէ վազել իմ արագության 100 տոկոսով: Մրցակցին կարող եմ շրջանցել նույնիսկ 70 տոկոս արագությամբ, և դեռ էներգիա կմնա հարվածի կամ փոխանցման համար: Շատ արագ վազելով՝ դժվար է կառավարել գնդակը: Մարդկանց թվում է, թե ես արագ եմ վազում, բայց իրականում միտումնավոր դանդաղեցնում եմ ընթացքը»:
Մյուս խորհուրդը, որը շատ օգնեց Տրաորեին, թևերը յուղապատելն է: Նախկինում մրցակիցները, հասկանալով, որ չեն հասնի վինգերի հետևից, քաշում էին նրա թևից: Դա ուսի վնասվածքների պատճառ էր դառնում, բայց հիմա այդ հնարքն արդեն անօգուտ է: Յուղոտ թևը բռնել հնարավոր չէ:
Ֆիզիկական ապշեցուցիչ տվյալներով ֆուտբոլիստը ֆուտբոլային հասարակությանն ապշեցրեց նաև մեկ այլ խոստովանությամբ: Պարզվում է բոդիբիլդերի արտաքինով ֆուտբոլիստն ընդամենը 72 կիլոգրամ է՝ այնքան, որքան Մեսին: Հենց թեթևությունն է նրա ֆենոմենալ արագության բացատրություններից մեկը:
Վերադարձ «Բարսելոնա»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարել է Ադամա Տրաորեին կես տարով վարձակալելու մասին: Ինսայդերների պնդմամբ՝ կատալոնացիները հետագայում կարող են 30 մլն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերային իրավունքները: Ի տարբերություն Երևան չժամանելու դեպքի, երբ վինգերը «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղին մեկնելիս մոռացել էր անձնագիրը և օդանավակայանից վերադարձել, Բարսելոնա մեկնելու վերաբերյալ խնդիրներ չառաջացան: Նա արդեն մի քանի օր է՝ Կատալոնիայում է և գովեստի խոսքեր է շռայլում իր նոր մարզչին:
Չավին «Բարսելոնայում» Իսպանիայի ընտրանին հավաքելու քաղաքականություն է բռնել: Ադաման հենց «ֆուրիա ռոխայի» ներկայացուցիչ է: Մալիական արմատներով ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի աշնանը, իսկ 2021-ին ընդրգկված էր ԵՎՐՈ 2020-ի հայտացուցակում:
Կարծես թե Լուիս Էնրիկեի թիմի տպավորիչ խաղը դարձել է Չավիի ոգեշնչման աղբյուրը, և նա էլ է փորձելու Ադամային օգտագործել այդ սխեմայի շրջանակում: Բայց դա միակ շարժառիթը չէ: «Բարսելոնայի» սանը կլինի «կապտանռնագույններին» առաջ տանողներից մեկը: Նա ակումբից հեռանալուց հետո այդ 7 տարում չի դադարել հիացմունքի խոսքեր արտահայտել «Բարսայի» մասին: Ադաման Ռոնալդինյոյին համարում է իր կուռքը, իսկ Մեսիից սովորել է պրոֆեսիոնալիզմ: Այժմ նա իր խաղով կարող է հարազատ ակումբին փոխհատուցել ֆուտբոլային կրթություն տալու համար: