«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը հանձնարարել է Deloitte աուդիտորական ընկերությանը վերլուծել ակումբի ֆինանսական վիճակը՝ քննելով կատալոնական թիմի նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի ղեկավարած թիմի աշխատանքը: Ընկերությունն ուսումնասիրել է այն միջոցները, որոնք ակումբը կարող է տնօրինել, և ունեցած պարտքերը՝ հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Վերլուծությունը պարզել է, որ «Բարսայի» պարտքը կազմում է 1,173 միլիարդ եվրո, վնասը՝ 481 միլիոն եվրո, իսկ աշխատավարձերի ֆոնդը 40 տոկոսով ավելի է, քան մյուս թոփ ակումբներինը։
Հայտնաբերվել են նաև «կասկածելի բնույթի» ֆինանսական գործարքներ, որոնք պահանջում են լրացուցիչ վերլուծություն։ Kroll գործակալությունը կանցկացնի այս գործարքների դատական քննությունը:
Մասնավորապես, ակումբը կատարել է անհիմն վճարումներ, կեղծ հիմնավորումներով վճարումներ և վճարումների համար ցուցադրել ուռճացված գումարի չափեր։ Դրա վերաբերյալ հնարավոր ապօրինի հարստացման հետաքննություն կիրականացվի։
Ակումբը համապատասխան նյութեր է տրամադրել Բարսելոնայի դատախազությանը։ Այս պահին կոնկրետ անձանց մեղադրանք չի առաջադրվել։ Թե ով պետք է պատասխանատվություն կրի այս խախտումների համար, կպարզի քննությունը։