Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի տրանսֆերային համակարգում օգոստոսի 12-ին գրանցել է թիմի նորեկներ բրազիլացի վինգեր Ռաֆինյային, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին ու դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, տեղեկանում ենք Լա լիգայի պաշտոնական կայքի տրանսֆերներ բաժնից:
Հիշեցնենք՝ Ռաֆինյան կատալոնական ակումբի շարքը համալրել է անգլիական «Լիդսից», Լևանդովսկին՝ գերմանական «Բավարիայից», Կեսիեն՝ իտալական «Միլանից», իսկ Քրիստենսենը՝ անգլիական «Չելսիից»:
«Կապտանռնագույնները» նորեկներից չեն գրանցել միայն ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին:
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին՝ ժամը 23:00-ին կընդունի «Ռայո Վալյեկանոյին»:


