Անգլիական «Բորնմութը» հայտնել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Նորբերտո Նետոյի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելու մասին։
33-ամյա բրազիլացին թիմին է միացել ազատ գործակալի կարգավիճակում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Շատ հաճելի է Նետոյի խաղամակարդակի ֆուտբոլիստի հրավիրելը։ Սա իսկական հեղափոխություն է թիմի համար և մենք ուրախ ենք, որ նա ընտրություն կատարեց հօգուտ մեզ։
Նա ամենաբարձր մակարդակում ահռելի փորձ ունի, այդ պատճառով էլ ես վստահ եմ, որ այդ գործոնը մեզ համար մեծ առավելություն կլինի»,- ասել է «Բորնմութի» գործադիր տնօրեն Նիկ Բլեյքը։
Կատալոնական ակումբում անցկացրած 3 մրցաշրջանում Նետոն մասնակցել է 21 խաղի, բաց թողել 20 գնդակ։ «Բարսելոնայից» բացի, նա խաղացել է նաև իսպանական «Վալենսիայում», իտալական «Ֆիորենտինայում» ու «Յուվենտուսում», ինչպես նաև բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեում»։


