Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում այսօր` մայիսի 28-ին, ռինգ է դուրս եկել Հայաստանի երեք ներկայացուցիչ։
Գուրգեն Մադոյանը (71 կգ) երրորդ հաղթանակն է տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Մադոյանը 1/16 եզրափակիչում նկատելի առավելությամբ հաղթել է կանադացի Ջունիոր Պենտարքյուին։ Հայ բռնցքամարտիկը հաջորդ մենամարտն անցկացնելու մայիսի 29-ին ու մրցելու է Վասիլե Չեբոտարի (Մոլդովա) դեմ։ Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար Մադոյանը պետք է տանի ևս երկու հաղթանակ ու դուրս գա կիսաեզրափակիչ։
1/8 եզրափակիչում է նաև Արթուր Բազեյանը (57 կգ), որը համառ պայքարում 3-2 հաշվով հաղթել է հորդանանցի Յուսեֆ Իաշաշին։ Բազեյանը մայիսի 30-ին մրցելու է Կառլո Պալամի (Ֆիլիպիններ) դեմ։ Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր ձեռք են բերելու եզրափակիչ հասած մարզիկները և կիսաեզրափակիչում պարտվածների միջև նշանակված հատուկ մենամարտի հաղթողը։
Պայքարի մեջ մտավ նաև նաև կանանց Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչը։ Եկատերինա Սիչևան (54 կգ) 1/16 եզրափակիչում ուժեղ է գտնվել Սառա Սվենսոնից (Շվեդիա)։ 1/8 եզրափակիչում նրա մրցակիցը Հանա Լակոտարն (Հունգարիա) է։ 54 կգ քաշային կարգում Փարիզ-2024-ի ուղեգիր կնվաճեն կիսաեզրափակիչ հասած մարզիկները։
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ 1/8 եզրափակիչ է դուրս եկել նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), իսկ Բարեղամ Հարությունյանը (51 կգ) մեկնարկել է հաղթանակով։ Պայքարը լքել է միայն Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ)։ Ռինգ դեռ դուրս չեն եկել Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ)։
Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս Փարիզ-2024-ի ուղեգիր չունի: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: