Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը երազանք էր։ Երկար էի սպասել այս պահին, ուրախ եմ, որ իրականացավ։ Կներդնեմ առավելագույն ուժերս` թիմին օգնելու համար։
Մարզումային առաջին օրն ամեն ինչ լավ էր, զգացողություններս հիանալի են։ Ինչ վերաբերում է Եղիշե Մելիքյանին, ապա նա լավ մարզիչ է և ժամանակակից ֆուտբոլ է դավանում։ Նա միշտ հաղթանակի համար է խաղում»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 9-ին սկսել է մարզական հավաքը` պատրաստվելով աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը F խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 13-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Հունգարիայի դեմ, իսկ 6-րդ տուրում նոյեմբերի 16-ին մրցակցի դաշտում կհանդիպի Պորտուգալիային։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


