Մկրտիչ Կորյուն – ՁՄԵՌՆ ԵԿԱՎ
Աշնան օրերն անցան երգով,
Ծաղիկներով քաղցրաբույր,
Եվ ձմեռը պաղ շշուկով
Մեր աշխարհին եկավ հյուր:
Չորս կողմ փռեց փափուկ սավան,
Դաշտը դարձրեց ճերմակ ծով.
Ծիլ ու ծաղկին տվեց հրաման.
– Քնեք խաղաղ, ապահով:
Ասաց.
– Սիրո՜ւն ծիլ ու ծաղկունք,
Հողի անուշ բալիկներ,
Սառնամանիք, մրրիկ ու բուք
Չեն խանգարի քունը ձեր:
Քնեք երգիս լուռ կարկաչով,
Անհոգ, անվիշտ, անկարիք,
Եվ արթնացեք գարնան կանչով,
Որ տաք հազար բերք, բարիք:
Հովհաննես Թումանյան-ԾԱՂԻԿՆԵՐԸ
– Ո՞ւր գնացին ծաղիկները:
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի:
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:
Վարդգես Խանոյան-ՁՄԵՌ
Նորից ձյուն է մարմանդ իջել,
Ճերմակ երազ փռել ճամփին,
Ցրտից ծառերն են կծկվել
Իմ Եղեգիս գետի ափին:
Գլխին դրած ճերմալ գլխարկ
Ժայռն է կապել սառցե գոտի,
Ու սառույցի կալանքի տակ
Մեղմացել է երգը գետի…
Գյուղն է բազմել ձորի ափին
Ու հեքիաթն է լսում ձմռան՝
Կանա՜չ-կանա՜չ գարնան մասին
Ու պատրաստվում եկող ամռան…
Սարմեն-ՓԱԹԻԼՆԵՐԻ ՏԱԿ
Փաթիլներն անիվ թիթեռների պես
Հանդարտ խաղալով իջնում են գետին,
Ճերմակ են հագել պուրակ ու պարտեզ,
Անտառ, այգեստան ու մարգագետին:
Մի փունջ մանուկներ ձյունապատ բակում
Խաղում են, սղղում, վազվզում զվարթ,
Նրանց աչքերը հուր են արձակում,
Այտերին՝ կարմիր նորափթիթ վարդ:
Զուգված սենյակից կանչում է, խնդրում
Ջերմ բոցկլտացով վառարանը տաք,
Բայց մանուկները խաղում են, խնդում
Ձյունի գեղեցիկ փաթիլների տակ:
Գեղամ Սարյան-ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ
Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:
Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:
Սուրեն Մուրադյան -ՈՂՋՈՒՅՆ ՁՄԵՌ
Ճերմակ-ճերմակ, մի հաստ վերմակ
Իջավ հողին այս գիշեր,
Մի ձեռք թաքուն մեր ապակուն
Քաշեց սառցե բյուր նախշեր:
Երդիկներից ծուխը նորից
Ելնում է վեր, ինչպես սյուն:
Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,
Ավետում է, ավետում է,
Ձյուն, ձյուն, ձյուն…
Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Մեղմիկ, թեթև իջան ներքև
Ճերմակ-ճերմակ փաթիլներ,
Պարտեզ, պուրակ ննջել են, տես,
Էլ չեն երգում առվակներ:
Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,
Ավետում է, ավետում է,
Ձյուն, ձյուն, ձյուն…
Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Ա.Ս. ՊՈՒՇԿԻՆ – ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆԸ
(Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ)
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան.
Մին` վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:
Մեր խրճիթը, աղքատ ու հին,
Ե՛վ մթին է, և՛ տըխուր.
– Ի՞նչ ես նստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-ՁՄԵՌՆԱՄՈՒՏ
Արագած սարն է ամպի մեջ լռել,
Եվ թևերն ամպոտ հողմերը նրա
Մի բեկոր ձմեռ դաշտերից բերել
Շաղ է տվել թաց մայթերի վրա:
Ցուրտ քամիներն են սուրում սարերից,
Բայց իր գարնան մեջ սիրտս այնքան է տաք,
Որ չի տարբերում ձյուն է ոտքիս տակ,
Թե ծաղիկներ են թափվել ծառերից:
ԿՈՄԻՏԱՍ-ՁՄԵՌՆԱՄՈՒՏ
Երբ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,
Եվ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Հողիկը շիջավ ոսկի երկունքով,և աչուկները փակեց:
Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,
Ջրիկը պառկեց հողի գրկին
Եվ ըստինքը սառեց:
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին,
Եվ աստղուկները շարեց: