1921 թվականի մի օր Շվեյցարիայի Ժնև քաղաքում բանաստեղծը Հայաստանի կարոտից սկսում է լաց լինել: Նրան թվում է, թե ուր որ է այդ կարոտից պիտի մեռնի: Հանկարծ մտաբերում է Ժնևում ապրող ֆրանսախոս մի հայուհու, որը վաղուց մոռացել էր հայերենն ու հայությունը: Իսահակյանը գնում է, մի փոքր տոպրակ ալյուր առնում և շտապում ֆրանսախոս կնոջ մոտ:
– Շատ եմ խնդրում, եթե կարող եք, հենց հիմա ինձ համար հաց թխեք այս ալյուրից, – ասում է Իսահակյանը:
– Դա դժվար բան չէ, ես կասեմ իմ սպասուհուն և նա ձեզ համար հաց կթխի, – պատասխանում է կինը:
– Ո՛չ, ո՛չ, միայն դո՛ւք, ես ուզում եմ, որ միայն դո՛ւք թխեք այդ հացը:
– Ինչո՞ւ հատկապես ես:
– Ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին:
Կինն ուսերը թոթվելով մի կերպ համաձայնում է և բանաստեղծի ներկայությամբ սկսում խմոր հունցել: Հետո վառում է փուռը ու թխում երկու բոքոն: Իսահակյանը մի բոքոնը տալիս է հայուհուն, շնորհակալությամբ համբուրում է նրա ձեռքը և մյուս բոքոնն առած գնում իր կացարանը:
Բանաստեղծին թվում է, թե ինքը Հայաստանում է: Չէ՞ որ հայկական մի բոքոն ունի: Այսինքն՝ ինչպես թե հայկական: Ալյուրն ու փուռը շվեյցարական են, միայն հացթուխն է հայուհի, այն էլ հայերեն չիմացող հայուհի: Հետո ինչ, բայց հայուհի է, այդ կնոջ տատն ու պապը Հայաստանում հայերեն են խոսել: Այդ կինն իր համար հիմա Հայաստան է, տիեզերքի չափ մեծ մի Հայաստան:
Բանաստեղծն անուշ է անում իր բոքոնը, և նրա վրդովված հոգին խաղաղվում է:
Իմանալով, թե Իսահակյանն ինչու է իրեն մի երկու ժամով հացթուխ դարձրել հիսունամյա հայուհին հուզվում է և որոշում սովորել հայերեն:
Շատ տարիներ հետո բանաստեղծը Երևանում հանդիպում է իր հին ծանոթուհուն և զարմացած ասում.
– Դուք ինչպե՞ս սովորեցիք հայերեն:
– Ինձ հայերեն սովորեցրեց ու վերստին հայուհի դարձրեց այն հացը, որ ես թխեցի Ձեզ համար,- պատասխանում է կինը:
աղբյուրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան