UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը կարող է իր հաջորդ մենամարտն անցկացնել Մայքլ Չենդլերի դեմ ապրիլի 12-ին, տեղեկացնում է MMA-ի հայ լրագրող Մանուկ Հակոբյանը:
«Ինձ հայտնի է դարձել, որ Արման Ծառուկյանն ու Մայքլ Չենդլերը բանակցում են՝ ապրիլի 12-ին Մայամիում կայանալիք UFC 314-ի ժամանակ մենամարտելու համար:
Ծառուկյանը գրեթե 100 տոկոսով վերսկսել է մարզումները մեջքի վնասվածքից հետո, որի պատճառով հրաժարվեց UFC 311-ում Իսլամ Մախաչևի հետ մենամարտից»,- գրել է Հակոբյանը X սոցիալական ցանցի իր էջում:
Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից: Ծառուկյանի փոխարեն Մախաչևի դեմ մրցեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Դաղստանցին առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթեց մրցակցին ու պաշտպանեց տիտղոսը: