Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։
Ազատ ոճի ըմբիշների պայքարում Ալիխանյանը մեդալային գոտեմարտում 12-2 հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Ավագյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7-4 հաշվով հաղթել է իտալացի ըմբիշին և նվաճել Հայաստանի 12-րդ մեդալը։
Նոյեմբերի 21-ին Հայաստանը նվաճել էր ևս երեք մեդալ։ Հունահռոմեականների պայքարում Տիգրան Մինասյանը (55 կգ) դարձել էր բանակայինների ԱԱ-ի փոխչեմպիոն, իսկ Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ)՝ բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։