Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը խոսել է Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականի ելույթի մասին:
«Նման կազմով դուք չպետք է խաղաք Բեռլինի «Ունիոնի» նման: Շատ եմ խղճում անգլիացի ֆուտբոլիստներին: Նրանք հիանալի ֆուտբոլ են ցուցադրում աշխարհի մեծագույն ակումբներում, բայց հետո գալիս են հավաքական և այսպես են խաղում...
Հիասթափված եմ Անգլիայի խաղով: Նրանց գործողություններում կրեատիվությունը քիչ է, նրանք շատ են ֆիքսված դիրքերում մնում: Նույնիսկ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները դիրքային են, համակարգի փոփոխություն չկա:
Ֆուտբոլիստներն ու մարզիչները ճիշտ պատասխան չեն գտնում: Սաութգեյթը չփոխեց խաղաոճը: Հասարակ փոխարինումները բավական չեն»,- «Բայերի», «Բավարիայի» ու «Չելիսիի» նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Welt-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում Անգլիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել է Սերբիային և ոչ-ոքի խաղացել Դանիայի հետ (1-1):

