Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հայտարարությանը սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի վերաբերյալ։
Հայաստան - Կիպրոս (2-2) ընկերական խաղից հետո ուկրաինացի մասնագետը, պատասխանելով ազգային թիմում դարպասապահների խնդրի և «Ալաշկերտի» ներկայացուցիչ Օգնյեն Չանչարևիչի հնարավոր հրավերի մասին հարցին, նշել էր, որ սերբ դարպասապահը 34 տարեկան է, շուտով կդառնա 35 և ֆեդերացիան աշխատում է Բրազիլիայում ելույթ ունեցող 18-ամյա հայ դարպասապահի հրավիրելու ուղղությամբ:
«Մեծագույն հարգանք եմ տածում պարոն Պետրակովի նկատմամբ, սակայն մեր հավաքականի մարզչի վերջին խոսքերն ինձ, և վստահ եմ շատերի մոտ, տարակուսանք առաջացրեցին։
Նախ կցանկանամ ընդգծել, որ Օգնյեն Չանչարևիչը 33 տարեկան է, այլ ոչ թե 34: Բացի այդ, բոլորս գիտենք, որ դա դարպասապահի համար ծաղկուն տարիք է։ Շատ են օրինակները, երբ դարպասապահներն իրենց կարիերայի գագաթնակետին են հասել 33-35 ընկած ժամանակահատվածում։
Շատ հեռուն չգնանք: Բոլորս հիշում ենք, որ մեր ազգային թիմի դարպասը մինչև 41 տարեկանը պաշտպանում էր լեգենդար Ռոման Բերեզովսկին, ով ներկայումս հանդիսանում է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչը և նրա կարիերան ավարտելուց հետո մինչև այսօր լիարժեք չի ստացվել լուծել դարպասապահի խնդիրը։
Օգնյեն Չանչարևիչը «Ալաշկերտ» և Հայաստան տեղափոխվելուց հետո անչափ նվիրված է եղել մեր ակումբին, հետաքրքվել է մեր երկրի մշակույթով, օժտված է շատ լավ մարդկային որակներով և նույնիսկ որոշ չափով տիրապետում է հայերենին, խաղերի ժամանակ հուշումները կատարում է բացառապես հայերեն։
Սակայն, հավաքականի մարզչի նման, ըստ էության, Չանչարևիչին որպես հավաքականի թեկնածու դիտարկելու հարցը փակող պատասխանը, կարող է շատ վատ անդրադառնալ մեր երկրին մերված և մեր ազգային թիմը ներկայացնել մեծ ցանկություն ունեցող դարպասապահի վրա։
Վստահ եմ, որ այս պահի դրությամբ Օգնյեն Չանչարևիչն իր խաղային որակներով ակնհայտորեն գերազանցում է Հայաստանի հավաքականի մյուս դարպասապահներին և կարող է մեծ օգուտ տալ ազգային թիմին։ Նաև վստահ եմ, որ այդ կարծիքս կիսում են ֆուտբոլային մասնագետների և երկրպագուների մեծամասնությունը։
Կարծում եմ, որ հավաքական հրավիրված Տարոն Ոսկանյանից, ինչպես նաև Չանչարևիչից զատ, «Ալաշկերտում» կան էլի ֆուտբոլիստներ, որոնք կարող են օգնել Հայաստանի հավաքականին։
Խոսքս, առաջին հերթին, Արտակ Գրիգորյանի մասին է, ով ազգային հավաքականում անցկացրել է 52 հանդիպում և այսօր էլ իր հսկայական փորձով, հուշումներով և նույնիսկ հանդերձարանում ներկայությամբ կարող էր օգտակար լինել Հայաստանին։
Եթե արժանի հայ ֆուտբոլիստները չպետք է հրավիրվեն, այդ դեպքում էլ ինչու՞ է գործում խաղադաշտում պարտադիր 3 հայ ֆուտբոլիստներ ունենալու սահմանաչափը, որն «Ալաշկերտը» կատարում և պարտաճանաչ կերպով գերակատարում է։
Կարծում եմ, որ այսպիսի քննարկումները և կարծիքների փոխանակումն օգտակար են մեր երկրում ֆուտբոլի զարգացման համար։ Ես՝ որպես հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարող անձնավորություն, մեր հավաքականի և ֆուտբոլի մեծ երկրպագու, լիահույս եմ, որ համատեղ ուժերով կբռնենք հաղթանակների ուղին»,- Նավոյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Օգնյեն Չանչարևիչը 2018 թվականից է խաղում «Ալաշկերտում», որտեղ տեղափոխվել է սերբական «Ռադնիկից»: Նա արդեն իրավունք ունի ստանալու Հայաստանի քաղաքացիություն և համալրելու Հայաստանի հավաքականը։