Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (8-0) և Գուրգեն Հովհաննիսյանը (9-0) առաջին անգամ ընդգրկվել են Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։
Բաչկովն առաջին կիսամիջին քաշային կարգում բարձրացել է 8-րդ տեղ։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը ամերիկացի Գարի Անտուան Ռասելն է։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Բաչկովը Թուրիքիայում նոկաուտով հաղթել էր Կոլիսանի Նդոնգենիին և նվաճել IBA International տիտղոսը, նաև պաշտպանել WBA Continental գոտին։

Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգի դասակարգման աղյուսակում 10-րդն է։ Այս քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հովհաննիսյանը նոկաուտով հաղթել էր ամերիկացի Քրիս Թոմասին և նվաճել իր առաջին տիտղոսը՝ WBA Continental գոտին:
Ի դեպ, գերծանր քաշային կարգի դասակարգման ցուցակի 12-րդ համարը Մուրադ Գասիևն է, որը մոտ 3 տարի է` փոխել է մարզական քաղաքացիությունը և ներկայացնում է Հայաստանը:



