Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) ավարտեց հանդիպումը Ֆարերյան կղզիների ազգային թիմի հետ՝ պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը C դիվիզիոնի չորրորդ խմբում 4 միավորով երկրորդ տեղում է:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Ֆարերյան կղզիները 68-րդ երկիրն էր, որի ազգային թիմի հետ մրցեց Հայաստանի հավաքականը: Անցկացրած 256 հանդիպումներում Հայաստանի հավաքականը տոնել է 64 հաղթանակ, 54 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 138 պարտություն, խփել է 263 գոլ, բաց է թողել 454 գնդակ:
2. Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականը 21-րդ խաղն անցկացրեց՝ գրանցելով 4-րդ ոչ-ոքին: 8 անգամ հավաքականը հաղթել է, 9 խաղում՝ պարտվել, խփել է 33 գոլ, բաց է թողել 36 գնդակ:
3. Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանի հավաքականի ներկայիս արդյունքը 2020թ. մրցաշարում գրանցած լավագույն ցուցանիշի կրկնությունն է: C դիվիզիոնում հանդես եկող Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ մեկնարկային 3 հանդիպումներում 4 միավոր էր վաստակել:
Հյուսիսմակեդոնացիներից հյուրընկալվելիս 1-2 հաշվով կրած պարտությունից հետո հավաքականը տնային խաղերում նախ հաղթել էր էստոնացիներին (2-0), ապա ոչ-ոքի (2-2) խաղացել վրացիների հետ:
4. Արդեն 2 տարուց ավելի, 24 խաղ շարունակ Հայաստանի հավաքականին չի հաջողվում դարպասն անառիկ պահել՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 48 գոլ: Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում (1-0), որում դարպասը պաշտպանում էր Դավիդ Յուրչենկոն:
5. Մեկ տարուց ավելի է, ինչ հավաքականը հյուրընկալվելիս չի հաղթել՝ 8 խաղերից 2-ն ավարտելով ոչ-ոքի, 6-ում պարտվելով: Նախորդ ոչ-ոքին գրանցվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 8-ին Թուրքիայի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Իսկ վերջին հաղթանակն արտագնա խաղում Հայաստանի հավաքականը տարել է անցյալ տարվա հունիսի 16-ին՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 4-2 հաշվով պարտության մատնելով Ուելսին:
6. Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 17-րդ խաղն անցկացրեց: Նրա օրոք հավաքականն ընդամենը 4 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 9 պարտություն, խփել է 22 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 27 գոլ, վաստակել է հնարավոր միավորների 31,3 տոկոսը:
7. Լուկաս Սելարայանը Հայաստանի հավաքականում 5-րդ գոլը խփեց և Վահան Բիչախչյանի ու Էդուարդ Սպերցյանի հետ ներկայիս կազմի լավագույն ռմբարկուն է: Ազգերի լիգայի մրցաշարերում Լուկասը 2-րդ գոլը խփեց և ընդգրկվեց լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 5 գնդակով գլխավորում է Յուրա Մովսիսյանը:
Սելարայանն Ազգերի լիգայի մրցաշարերում գոլերի հաշիվը բացել էր սեպտեմբերի 7-ին Երևանում Լատվիաի հավաքականի հետ կայացած խաղում:
8. Գոռ Մանվելյանը բացեց գոլերի հաշիվը Հայաստանի հավաքականում՝ փրկելով իր թիմին պարտությունից: Նա հավաքականում ընդամենը 2-րդ խաղն էր անցկացնում: «Նոայի» ֆուտբոլիստը հավաքականում նորամուտը նշել էր սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Մակեդոնիաի հետ Սկոպյեում կայացած Ազգերի լիգայի խաղում՝ 86-րդ րոպեին փոխարինելով Անդրե Կալիզիրին:
9. Ֆարերյան կղզիների հավաքականի հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից ամենափորձառուն Վարազդատ Հարոյանն էր, որը 86-րդ հանդիպումն անցկացրեց: Կամո Հովհաննիսյանը 85-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ հավաքականի մարզաշապիկով:
10. Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության 3 հանդիպումներում հավաքականի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 19 ֆուտբոլիստներ: Նրանցից միայն Գոռ Մանվելյանն է նորեկ եղել: Օգնյեն Չանչարևիչը, Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Ուգոչուկվու Իվուն և Կամո Հովհաննիսյանն առանց փոխարինման մասնակցել են բոլոր 3 խաղերին: