Հունաստանի հավաքականի կիսապաշտպան Կոնստանտինոս Կարեցասն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Բելգիական «Գենկի» ֆուտբոլիստը Շոտլանդիայի հավաքականի դեմ անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում գոլ է խփել 17 տարեկան 124 օրականում:
Նույն օրն Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը 17 տարեկան 253 օրականում իր առաջին գոլն է խփել Ազգերի լիգայում` քառորդ եզրաափակիչի պատասխան խաղում գրավելով Նիդերլանդների դարպասը: Յամալը ցուցակում երկրորդն է:
Երրորդն Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին է, որը 2022 թվականի հունիսի 5-ին չեխերի դարպասը գրավել է 17 տարեկան 304 օրականում:


