Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրում հյուրընկալվեց Ֆարերյան կղզիների թիմին և մարտական ոչ-ոքի գրանցեց` 2-2:
Հայաստանի հավաքականը խաղի մեկնարկում կարող էր բացել հաշիվը, սակայն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո տանտերերին փրկեց դարպասապահ Բարդուր Ռեյնաթրոդը:
37-րդ րոպեին դաշտի տերերի իրացրած անկյունայինից հետո «Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը գլխի հարվածով հեռացրեց գնդակը, որը մեկ հպումով Օգնյեն Չանչարևիչի դարպասն ուղարկեց Ֆարերյան կղզիների «Տորսհավնի» պաշտպան Յան Յուլիան Բենյամինսենը:
44-րդ րոպեին Հայաստանի հավաքականը վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացավ, շուրջ 20 մետրից մրցակցի դարպասը գրավեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` 1-1:
Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն առավելություն ուներ, սակայն հարվածները հիմնականում փակվում էին մրցակցի պաշտպանների կողմից, կամ շեղ էին ստացվում:
Երկրորդ խաղակեսում գեղեցիկ առաջխաղացումից հետո մոտ տարածությունից հարվածեց փոխարինման դուրս եկած Մոսկվայի «Լոկոմոտիվի» վինգեր Էդգար Սևիկյանը, սակայն դաարպասապահը Ռեյնաթրոդը տպավորիչ սեյվ կատարեց:
85-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը կորցրեց գնդակը, փոխարինման դուրս եկած հարձակվող Յոանես Բյարտալուն շուրջ 20 մետր տարածություն հաղթահարեց, մտավ տուգանային հրապարակ և գեղեցիկ հարվածով գրավեց Չանչարևիչի դարպասը` 2-1:
Ավելացված ժամանակի երրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց «Նոայի» կիսապաշտպան Գոռ Մանվելյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում:
Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը չորս միավորով երկրորդն է, Ֆարերյան կղզիների հավաքականը երկու միավորով վերջինն է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան 7 միավոր ունի:
Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հյուսիսային Մակեդոնիային:
Ազգերի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
C դիվիզիոն, չորրորդ խումբ
Ֆարերյան կղզիներ – Հայաստան` 2-2 (տեսանյութ)
Յան Յուլիան Բենյամինսեն, 37, Յոանես Բյարտալու, 85 - Լուկաս Սելարայան, 44, Գոռ Մանվելյան, 90+3
Լատվիա – Հյուսիսային Մակեդոնիա` 0-3 (տեսանյութ)
Յանի Աթանասով, 35, Լիրիմ Քամիլի, 70, Էլիֆ Էլմաս, 90+3
Ֆոտո` ՀՖՖ