Logo

Հաբեթնակ Կուրղինյան. «Լեհաստանի մրցաշարը ծառայեց նպատակին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:50 / 26.07.2022• Ըմբշամարտ
Բացառիկ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը 4 մեդալով է վերադարձել Վարշավայում կայացած միջազգային մրցաշարից, որն աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից էր։ Լեհաստանի մայրաքաղաքում հայ ըմբիշների ելույթների, ինչպես նաև մրցաշարին նախապես հայտավորված Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի մրցավայր չմեկնելու պատճառների մասին Vnews-ը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի հետ։

Վարշավայում Արման Անդրեասյանը (70 կգ) հռչակվել էր մրցաշարի հաղթող, Արման Ավագյանը (79 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Մանվել Խնձրցյանն (57 կգ) ու Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ:

«Այս փուլի համար դա այն էր, ինչ մեզ պետք էր։ Մեր նպատակն էր, որ ըմբիշները հագեցած հավաքից հետո հնարավորինս շատ գոտեմարտեր անցկացնեն և դա հաջողվեց։ Դեռ մոտ 1,5 ամիս ունենք մինչև աշխարհի առաջնության մեկնարկը, կարող ենք անշտապ վերջնական տեսքի բերել կատարած աշխատանքը։ Այս պահին տղաները պահանջվող մարզավիճակում են»,- նշեց Կուրղինյանը։

Հաշվի առնելով մրցաշարի ստուգողական բնույթը՝ գլխավոր մարզիչը չցանկացավ կենտրոնանալ առանձին մարզիկների ելույթների մեկնաբանությանը։

«Կարող եմ ասել, որ Արման Անդրեասյանն աստիճանաբար առաջադիմում է։ Դեռ անելիք ունի, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ։ Արման Ավագյանն էլ վատ տպավորություն չթողեց։ Նույնը վերաբերում է մեր մյուս մասնակիցներին։ Պետք է նկատի ունենալ, որ մրցաշարին նախորդած հավաքն այլ նպատակ էր հետապնդում։ Այս պահին մարզիկներից չէր պահանջվում լինել լավագույն մարզավիճակում։ Բավականին հագեցած և ծանրաբեռնված հավաք էինք անցկացրել Ռուսաստանում, որից հետո մեր ըմբիշները որոշակի հոգնածության ֆոնին մասնակցեցին Վարշավայի մրցաշարին։ Այնպես որ՝ դեռ ունեն ավելացնելու տեղ։ Նրանց թերությունները հիմնականում վերաբերում են տեխնիկական պատրաստվածությանը։ Դա շտկելի է. կարևոր է, որ մարզիկներն իրենք էլ նկատեն այդ ամենը և աշխատեն այդ ուղղությամբ։ Այս մրցաշարը, կարելի է ասել, սխալների վրա ինքնատիպ աշխատանք էր։

Մարզումային գոտեմարտերի կազմակերպման և դրանց ընթացքում տեխնիկական հնարքների հղկման խնդիր ունենք։ Սխալները, իհարկե, վերլուծում և բացատրում ենք, սակայն իզուր չեն ասում, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել և զգալ, քան 100 անգամ լսել։ Այդ առումով մեր ըմբիշների հնարավորությունները սահմանափակ են, որովհետև նույն քաշային կարգում քիչ ունենք պատրաստվածությամբ իրար մոտ մարզիկներ։ Տղաները սովորաբար 2-3 մրցակցի հետ են անցկացնում մարզումային գոտեմարտեր։ Անընդհատ իրար հետ գոտեմարտելն ու մարզվելը չի նպաստում վարպետության կատարելագործմանը։ Այդ առումով անչափ օգտակար են արտագնա հավաքները, հատկապես՝ Ռուսաստանի հավաքականի հետ, որի կազմում յուրաքանչյուր քաշային կարգում կան մեծ թվով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը

Անդրադառնալով Լեհաստանի մրցաշարին հայտավորված, բայց մրցավայր չմեկնած Արսեն Հարությունյանի (61 կգ) և Վազգեն Թևանյանի (65 կգ) բացակայությանը՝ մարզիչը հայտնեց, որ դա պայմանավորված էր վերջին հավաքի ընթացքում նրանց ստացած թեթև վնասվածքներով։

«Դրանք վտանգավոր չեն, բայց չցանկացանք ռիսկի դիմել»,- ասաց նա։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 10-19-ը Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը կշարունակի պատրաստվել Երևանի «Օլիմպավանում»։ Հնարավոր է՝ թիմը ևս մեկ հավաք անցկացնի Ռուսաստանում, սակայն այդ հարցը դեռ համաձայնեցման փուլում է։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ