Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարը նշել է, որ չէր կարող ապրել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի նման։
«Ֆուտբոլն ինձ համար պարզապես խաղ էր, այլ ոչ թե աշխատանք, և ես դա փորձել եմ պահել մինչև վերջ: Երբ իմ վերաբերմունքը փոխվեց, ավարտեցի կարիերաս: Ես գիտեի, որ այն աշխատանք է. չէ՞ որ ֆուտբոլի միջոցով գումար էի վաստակում, սակայն չէի ցանկանում այդպես մտածել: Ֆուտբոլն իմ սիրելի զբաղմունքն էր, իմ խաղալիքը, այդ պատճառով էլ ինձ հաջողվեց նման կարիերա ունենալ:
Ես չէի կարող ապրել Կրիշտիանու Ռոնալդուի պես: Եթե այդպես ապրեի, ես ինձ նման չէի լինի: Ես չէի կարող յուրաքանչյուր հանդիպումից հետո սառը ջրով լոգանք ընդունել: Ինձ հանգիստ թողեք, ես ցանկանում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, թղթախաղ խաղալ և գարեջուր խմել: Ես հանդիպումներից հետո երեխաներիս հետ այգում խաղում էի երկու ժամ. դա էր իմ վերականգնումը:
Երբ դու քեզ լավ ես զգում, դաշտում կարողանում ես անել այն, ինչ ցանկանում ես: Ես հանդիպումներն այդ սկզբունքով էի սկսում»,- Ազարի խոսքը մեջբերում է L'Équipe-ը:
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը ֆուտբոլիստի կարիերան 32 տարեկանում ավարտել էր 2023թ. հոկտեմբերին:


