Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ին` Երևանի ժամանակով 21:30-ից սկսած, կմեկնարկի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Պատմության մեջ առաջին անգամ քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացումը չի անցկացվի ստադիոնում։ Այս անգամ արարողությունը կկայանա Սենա գետի երկայնքով։ Սեն գետում կայանալու է նաև 10 կմ լողի մրցումը։
Պատվիրակությունները շքերթին կմասնակցեն նավակներով։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։
Բացման արարողության ժամանակ ելույթ կունենան Սելին Դիոնը և Լեդի Գագան։ Հանրահայտ երգչուհիները միասին կկատարեն լեգենդար Էդիթ Պիաֆի «La Vie en rose» երգը։ Սելին Դիոնը 2022 թվականից հետո բեմ դուրս կգա առաջին անգամ: Վերջին շրջանում կանադացի երգչուհին ելույթ չէր ունենում առողջական խնդիրների պատճառով:
Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցեն 206 օլիմպիական հավաքականներ, 54-ը՝ Աֆրիկայից, 48-ը՝ Եվրոպայից, 44-ը՝ Ասիայից, 41-ը՝ Ամերիկայից, 17-ը՝ Օկեանիայից, մյուսները կլինեն չեզոք մարզիկներ, ինչպես նաև հանդես կգա փախստականների հավաքականը։ Ռուսաստանի ու Բելառուսի մարզիկները հանդես կգան չեզոք դրոշի ներքո։
Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում կունենա 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Փարիզ-2024-ում կվիճարկվի մեդալների 329 հավաքածու՝ 10-ով քիչ, քան Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերում։ Տոկիո-2020-ի համեմատ, ավելացվալ են մի քանի մրցատարածություններ տարբեր մարզաձևերում։ Առաջին անգամ օլիմպիական մեդալներ կխաղարկվեն բրեյք-դանսում։
Փարիզը պատմության մեջ երրորդ անգամ է ընդունում ամառային Օլիմպիական խաղերը։ Նախորդ երկուսը եղել են 1900 և 1924թթ․։ Ֆրանսիայի մայրաքաղաքը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է հյուրըկալում ամառային Օլիմպիական խաղերը։ Սպասվում է, որ Խաղերի կազմակերպումն ու անցկացումը Ֆրանսիայի համար կարժենա 8,3 միլիարդ եվրո։ Փարիզ-2024-ի կարգախոսն է՝ «Խաղեր՝ բաց բոլորի համար» (Ouvrons grand les jeux)։
Փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է օգոստոսի 11-ին։


